Պաշտոնական Կիևը և եվրոպական դաշնակիցները ողջունում են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության նախագծի ընդունումը:
Նաև Իսրայելի և Թայվանի համար ամերիկացի օրենսդիրների հաստատած ընդհանուր գումարը գերազանցում է 95 միլիարդ դոլարը, դրանից մոտ 61 միլիարդը կտրամադրվի Ուկրաինային:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների այդ քայլը «հազարավոր կյանքեր կփրկի»:
«Հուսով ենք՝ օրինագծին կսատարի Սենատը, և այն կուղարկվի նախագահ Բայդենի հաստատմանը: Շնորհակալություն, Ամերիկա», - ասել է Զելենսկին:
Այսօր ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ նախագծի ընդունումից հետո «հաղթանակի շանս» է տեսնում: «Կարծում եմ՝ այս աջակցությունն իրականում կուժեղացնի Ուկրաինայի զինված ուժերը: Եվ մենք հաղթանակի շանս կունենանք, եթե Ուկրաինան իրոք ստանա սպառազինության համակարգը, որի կարիքը մենք այնքան ունենք», - հայտարարել է Զելենսկին:
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ապրիլի 20-ը անվանել է «վատ օր Պուտինի համար»:
Կրեմլը հայտարարել է, թե Միացյալ Նահանգների քայլը «ուկրաինացիների նոր կյանքեր կարժենա՝ Կիևի ռեժիմի պատճառով»:
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, թե «լավ է ուշ, քան՝ չափազանց ուշ»:
Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդգծել է, որ «քվեարկությունը Միացյալ Նահանգներում հստակ ուղերձ է հղում Կրեմլին. նրանք, ովքեր հավատում են ազատությանը և ՄԱԿ-ի Կանոնադրությանը, կշարունակեն սատարել Ուկրաինային և նրա ժողովրդին»: