Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերություններն այսօր զարգանում են լայն օրակարգով և նոր ուղղություններով, որոնք միտված են ամրապնդելու Հայաստանի դիմակայությունը, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն՝ երեկ ընդունելով Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի և Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման օրակարգում, ըստ հայկական կողմի, մասնավորապես, տնտեսական ոլորտում համագործակցության ակտիվացումն էր։
Միրզոյանն ու Վասալին քննարկել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցեր:
Հայաստանը, լինելով եվրոպական քաղաքակրթություն և ունենալով ժողովրդավարական բարեփոխումների օրակարգ, էականորեն խորացնում է հարաբերությունները Եվրոպական միության և անդամ պետությունների հետ, ասել է Արարատ Միրզոյանը։
Խոսելով Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակից և առկա մարտահրավերներից՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է 2022թ. հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության տեքստում Ալմա-Աթայի հռչակագրի հիշատակման և Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերահաստատման կարևորությունը:
Օրերս արտգործնախարարը հայտարարել էր, որ մի քանի անգամ ամենաբարձր մակարդակով կողմերը պայմանավորվել են, որ սահմանազատումը տեղի է ունենալու Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, սակայն երբ հայկական կողմը փորձում է այս պայմանավորվածությունն արտացոլել, հռչակագրին հղում անել տարածքային ամբողջականության և սահմանազատման կոնտեքստում, տեսնում է Ադրբեջանի դժկամությունը։
Միրզոյանը Վասալին է ներկայացրել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին շրջանի քննարկումները և գործընթացում պահպանվող հիմնական հարցերը:
Պաշտոնական Երևանն օրերս հայտարարեց, որ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում մի շարք փոխադարձ համաձայնությունների արդեն եկել են, բայց երկու հիմնական հարցի վերաբերյալ կողմերի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից։ Հանրային եթերում արտգործնախարարն ասաց, որ առաջինը վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը և հետագա սահմանազատման գործընթացին, իսկ երկրորդ առանցքային կետը, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի պատկերացումները տարբերվում են, ենթակառուցվածքների ապաշրջափակումն է։
Հայաստանի արտգործնխարարն ու Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի և Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի նախագահն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքների և կարիքների հասցեագրմանը։
Արցախում 2023-ի սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով ավելի քան 100 հազար հայեր ստիպված լքեցին իրենց տները, ընդհանուր առմամբ, ագրեսիայի հետևանքով ավելի քան 200 մարդ զոհվեց։ 181 զինծառայող ճանաչվել է զոհված, 11-ը՝ անհետ կորած։ Իսկ թե քանի հայ է մնացել Արցախում, ստույգ տվյալներ չկան, որոշ գնահատականներով՝ այս պահին նրանց թիվը երկու տասնյակից էլ քիչ է։
Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանը ինտեգրման ծրագիր ներկայացրեց, որը թղթի վրա է մնացել։ Պաշտոնական Բաքուն վստահեցնում է, թե իր Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան հանձնառու է պաշտպանել Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները՝ մյուս քաղաքացիների հետ հավասար հիմունքներով: