Հայաստանում Եվրամիության մշտադիտարկման առաքելության գործունեությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման տնտեսական բաղադրիչին են անդրադարձել արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական միության խորհրդի քաղաքական և անվտանգային հարցերով կոմիտեի պատվիրակությունը այսօր Երևանում կայացած հանդիպման ժամանակ:
Տնտեսական բաղադրիչի ներքո Միրզոյանը շեշտել է Տնտեսական ու ներդրումային պլանի ուղենիշային նախաձեռնությունների կյանքի կոչման ու նոր՝ «Հայաստանի դիմակայունության և աճի» ծրագրով ընձեռվող հնարավորությունները: Կարևոր նախագծերի շարքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի ուղղությամբ առաջընթացի ապահովմանը։
Արտգործնախարարության լրատվականի փոխանցմամբ՝ Միրզոյանն արձանագրել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների էական խորացմանը միտված գործընթացը՝ ընդգծելով, որ այն ներառում է ինչպես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շարունակական իրականացումը, այնպես էլ դրանից անդին հնարավորությունների լավագույնս օգտագործումը:
Վկայակոչելով Եվրոպական խորհրդարանում 2023 թվականի հոկտեմբերին ՀՀ վարչապետի ելույթը՝ նախարարը հավելել է. - «Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ, և մենք կառաջնորդվենք այդ ձգտումներով»:
Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային հարցերին՝ Արարատ Միրզոյանը ԵՄ անդամ երկրների դեսպաններին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Ընդգծելով ՀՀ պատրաստակամությունը՝ օգտագործել խաղաղության հասնելու հնարավորությունը՝ նախարարը նշել է, որ դա ենթադրում է խաղաղության պայմանագրում առանցքային հարցերի շուրջ փոխհամաձայնության արձանագրում՝ մասնավորապես 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության ճանաչման փոխադարձ վերահաստատում և սահմանազատում:
Տարածաշրջանում տնտեսական զարգացման ապահովման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման կարևորությունը՝ որպես այդ հարցում Հայաստանի շահագրգռվածության դրսևորում հիշատակելով Կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
Պատվիրակությանն այսօր ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: