Մատչելիության հղումներ

Եթե ինչ-որ մեկը չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, Ռուսաստանն է. Ֆրանսիայի դեսպան


Եթե ինչ-որ մեկը չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, Ռուսաստանն է, Հանրային ՀԸ եթերում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

«Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, երբ Հայաստանը օգնության կարիք է ունեցել, Ռուսաստանը տեղում չի եղել, և Արևմուտքը, որը մեկ բլոկ չէ, այլ իրենից ներկայացնում է բազմաթիվ նախաձեռնություններ, տարբեր կազմակերպություններ, տարբեր երկրներ, այսօր օգնության է հասնում, և դա դրական երևույթ է», - ասել է դեսպանը:

Արձագանքելով Ռուսաստանից հնչող քննադատություններին, մասնավորապես, թե Արևմուտքը և Ֆրանսիան անկայունություն են բերում Հարավային Կովկաս՝ Օլիվիե Դըկոտինյին շեշտել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի դաշնակից Ռուսաստանը օգնության չհասավ Երևանին, որի հետ նույն ռազմական դաշինքում են, երբ ՀՀ տարածքը երկու անգամ հարձակման ենթարկվեց 2021 և 2022 թվականներին ՀԱՊԿ-ի անդամ պետություն չհանդիսացող երկրի կողմից:

«2023-ին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանը, որը հրադադարի երաշխավորն էր 2020-ից ի վեր, որն ուներ խաղաղապահ զորքեր տեղում, չմիջամտեց: Այսպիսով, եթե ինչ-որ մեկը չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, Ռուսաստանն է, վերջին տարիներին Ռուսաստանն է», - ընդգծել է նա։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրերս ասել էր, թե միամտություն է կարծել, որ Ֆրանսիան պատրաստ է կամ ունակ է Հարավային Կովկասի անվտանգությունն ապահովել:

Ինչ վերաբերում է վաղը՝ ապրիլի 5-ին, Բրյուսելում կայանալիք եռակողմ՝ Փաշինյան- Ֆոն դեր Լայեն - Բլինքեն հանդիպմանը, ապա դեսպանն ասել է. - «Կարծում եմ՝ հանդիպմանը չեն քննարկվելու անվտանգային հարցեր, ինչ վերաբերում է անվտանգային հարցերին, Ֆրանսիան անում է այն, ինչ պետք է աներ Հայաստանի համար։ Վերջին ամիսներին պաշտպանության ոլորտում համագործակցություն ենք սկսել Հայաստանի հետ, որը զարգանում է։ <>

Պաշտպանության ոլորտում մենք աջակցում ենք Հայաստանին, որպեսզի նա կարողանա պաշտպանել իր ժողովրդին, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։

Հայաստանն ու Ֆրանսիան աշնանը ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր ստորագրեցին: Արդեն փետրվարին Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը հայտարարեց, որ Հայաստանը ստացել է պաշտպանական նշանակության սարքավորումների առաջին խմբաքանակը։

Հ.գ.

Լուրում փոփոխություն է կատարվել. դեսպանի հարցազրույցի թարգմանության նախնական տարբերակում անճշտություն է եղել, և ուղիղ խոսքն այսպես է ներկայացվել. - «Կարծում եմ՝ հանդիպմանը չեն քննարկվելու անվտանգային հարցեր, ինչ վերաբերում է անվտանգային հարցերին, Ֆրանսիան պատասխանատվություն է ստանձնում ՀՀ-ի նկատմամբ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG