Ապրիլի 3-ին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Շոյգուի հետ, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։ Ռուսական կողմը մի քանի ժամ անց հաստատել է զրույցը։
Սա նախարարների առաջին խոսակցությունն է 2022 թվականի հոկտեմբերից ի վեր։
Ինչպես ասվում է Ֆրանսիայի նախարարության հայտարարության մեջ, Լըկորնյուն Փարիզի անունից համերաշխություն է հայտնել մարտի 22-ին մերձմոսկովյան «Կրոկուս հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 144 մարդ։
Հաղորդվում է, որ ֆրանսիացի պաշտոնյան հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարելու և Ռուսաստանի հետ համագործակցությունն ամրապնդելու Ֆրանսիայի պատրաստակամության մասին՝ այդ սպառնալիքին առավելագույնս արդյունավետ հակազդելու համար։ Միևնույն ժամանակ, նա կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին դադարել ահաբեկչությունն օգտագործել Ուկրաինայի դեմ մեղադրանքներ հնչեցնելու համար և ասել, որ Փարիզը չունի որևէ տեղեկատվություն, որը կմատնանշեր հարձակման և Ուկրաինայի միջև կապը։
Կողմերը քննարկել են Ուկրաինայի պատերազմը, Լըկորնյուն ասել է, որ Ֆրանսիան դատապարտում է ռուսական ներխուժումը և կշարունակի աջակցել Կիևին։
Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ զրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։
Սերգեյ Շոյգուն ասել է, որ «տեղեկություններ կան ահաբեկչության կազմակերպման մեջ ուկրաինական հետքի մասին»։ Նա նաև շեշտել է, որ ֆրանսիական զորախմբի հնարավոր ուղարկումն Ուկրաինա «խնդիրներ կստեղծի հենց Ֆրանսիայի համար»։
Կիևը հերքում է իր առնչությունը ահաբեկչությանը։ Կրեմլն ուկրաինական կողմի «հետքի» մասին իր պնդումներն անում է առանց հստակ ապացույցներ ներկայացնելու։
Հարձակումից ժամեր անց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է պատասխանատվությունը։ Ռուսաստանի քննչական կոմիտեն մինչ օրս ձերբակալել է 12 կասկածյալների։