«Ադրբեջանը կոչ է անում Ֆրանսիայի վարչապետի վերջ տալ սադրիչ հայտարարություններին», - մեկնաբանելով Գաբրիել Աթալի՝ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ձեռնարկված ադրբեջանական հարձակումը դատապարտող հայտարարությունները, այսօր նշել է այդ երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն։
«Ադրբեջանի կողմից ձեռնարկված գործողությունները ամբողջությամբ համապատասխանում էին միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև այն բանաձևերին, որ ընդունվել էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։ Հիշեցնենք, որ Ֆրանսիան այդ խորհրդի մշտական անդամ է», - նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակը՝ հավելելով, - «մեկ անգամ ևս կոչ ենք անում Ֆրանսիային դասեր քաղել սեփական պատմությունից և չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին»։
Երեկ Գաբրիել Աթալը հայտարարել է, որ Մոսկվան չդատապարտեց Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում, որտեղ մինչև անցած տարեվերջ մեծամասնությամբ հայեր էին բնակվում՝ շեշտելով՝ այսպես կոչված ռուսական «խաղաղապահ» ուժերը թույլ տվեցին, որ այնտեղ հումանիտար ճգնաժամ լինի։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախը հայաթափվեց, 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում: