Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում մի շարք փոխադարձ համաձայնությունների արդեն եկել են, բայց երկու հիմնական հարցի վերաբերյալ կողմերի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից, Հանրայինի եթերում հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք իրոք պատմական հնարավորություն ունենք Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն հաստատելու: Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և բանակցություններում կառուցողական է մոտենում բոլոր հարցերին: Խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում մենք մի շարք փոխադարձ համաձայնությունների արդեն եկել ենք, ցավոք սրտի, երկու հիմնական հարց կա, որտեղ կողմերի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից», - ասել է նախարարը։
Առաջինը, նրա խոսքով, վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը և հետագա սահմանազատման գործընթացին:
«Եվ էլի պիտի խոսեմ Ալմա-Աթայի հռչակագրի մասին, մենք մի քանի անգամ ամենաբարձր մակարդակով պայմանավորվել ենք, առնվազն 3-4 անգամ եղել են հանդիպումները, որտեղ կողմերը պայմանավորվել են, վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը Ալմա-Աթիի հռչակագրի հիման վրա և պայմանավորվել են, որ սահմազատումը տեղի է ունենալու Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:
Ինձ համար ևս տարօրինակ է, որ երբ մենք փորձում ենք այս պայմանավորվածությունը արտացոլել, այս հռչակագրին հղում անել տարածքային ամբողջականության և սահմանազատման կոնտեքստում հղում անել պայմանագրի նախագծում, և մենք տեսնում ենք Ադրբեջանի դժկամությունը», - շեշտել է Արարատ Միրզոյանը:
Նա հույս է հայտնել, որ առաջիկայում կկարողանան ավելի ամուր փոխըմբռնում ձեռք բերել այս հարցում:
Երկրորդ առանցքային կետը, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի պատկերացումները տարբերվում են, ենթակառուցվածքների ապաշրջափակումն է, նշել է նախարարը։
Օրերս փոխարտգործնախարարը վստահեցրել էր, որ բանակցային գործընթացը շարունակվում է, սակայն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կամ արտգործախարարների երկկողմ հանդիպման վերաբերյալ դեռևս որևէ պայմանավորվածություն չկա։ Վերջին անգամ արտգործնախարարները բանակցել են Բեռլինում՝ փետրվարի 28-ին։ Հայտնի չէ նաև, թե արդյոք պաշտոնական Երևանն արդեն Բաքվին ուղարկել է խաղաղության պայմանագրի նախագծի իր հերթական առաջարկները։