Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքն այսօր ոտնահարվում է․ Ֆրանսիայի դեսպան


Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը, որը ճանաչվել է Միջազգային դատարանի կողմից, այսօր ոտնահարվում է, X-ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

«Ստեփանակերտ տանող ճանապարհն այժմ փակ է։ 9 ամիս տևած շրջափակումից և Ադրբեջանի դաժան հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղի 100 հազար հայ ստիպված է եղել լքել իր տունը: Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված նրանց վերադարձի իրավունքն այսօր ոտնահարվում է», - գրել է դեսպանը։

Արցախում 2023-ի սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով ավելի քան 100 հազար հայեր ստիպված լքեցին իրենց տները, ընդհանուր առմամբ, ագրեսիայի հետևանքով ավելի քան 200 մարդ զոհվեց։ 181 զինծառայող ճանաչվել է զոհված, 11-ը՝ անհետ կորած։ Ադրբեջանում, ըստ հայաստանցի իրավապաշտպանների, հիմա 23 հայ է պահվում, նրանց թվում՝ Արցախի նախկին ղեկավարները։

Արդարադատության միջազգային դատարանը 2023-ի նոյեմբերի 17-ին բավարարելով «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով» Հայաստանի թվով 5-րդ միջնորդությունը Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել այն մարդկանց վերադարձը, որոնք սեպտեմբերի 19-ից հետո հեռացել են Լեռնային Ղարաբաղից, եթե նրանք նման ցանկություն ունեն: Ընդ որում՝ Ադրբեջանը դա պետք է անի արագ, անվտանգ ու առանց խոչընդոտների։

Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանը ինտեգրման ծրագիր ներկայացրեց, որը թղթի վրա է մնացել։ Պաշտոնական Բաքուն վստահեցնում է, թե իր Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան հանձնառու է պաշտպանել Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները՝ մյուս քաղաքացիների հետ հավասար հիմունքներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG