Հաջորդ շաբաթ Ազգային ժողովում կքննարկվի ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին Եվրամիության ու Հայաստանի միջև կնքված համաձայնագիրը, որին արդեն դրական եզրակացություն է տվել Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը։
«Միջազգային համաձայնագրերը պարտադի՛ր պիտի վավերացվեն Ազգային ժողովում, եթե դրանք միջպետական համաձայնագիր են՝ էդ տեսքով են», - ասաց հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
2022 թվականի հոկտեմբերից հայ - ադրբեջանական սահմանները դիտարկող առաքելությունը նախ 40 հոգանոց, այժմ՝ 138, իսկ սեպտեմբերից՝ 209 հոգանոց կազմ կունենա։ Անցյալ տարվա նոյեմբերին Արտգործնախարարությունն ու Եվրամիության պատվիրակությունը ստորագրեցին առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը, որը հիմա պետք է վավերացվի խորհրդարանում։
Այս փաստաթուղթը լուծում է դիտորդների կարգավիճակի, այդ թվում՝ լայն արտոնություններ տրամադրելու հարցը Հայաստանում, օրինակ՝ դյուրացվում է անձնակազմի, նրանց տրանսպորտային միջոցների, անձնական իրերի մուտքը Հայաստան, վավեր են ճանաչվում նրանց վարորդական կամ օդաչուի վկայականները, անձնակազմի անդամները ճանաչվում են անձեռնմխելի, նրանք չեն կարող ձերբակալվել կամ կալանավորվել։
«Օտարերկրացիներ են, և իրենք պիտի ունենան մի ինչ-որ կարգավիճակ՝ մի առաքելության շրջանակում, որի նմանը մենք երբեք չենք ունեցել մինչ այդ, այսինքն՝ չի եղել նման որևէ առաքելություն, և նախադեպ էլ չկար: Եվ ահա դրա համար կարիք կար, որ էդ բոլոր իրավունքները և պարտականությունները ամրագրվեին փաստաթղթով: Մնացածը արդեն կա փաստաթղթում՝ իրենք ստանում են դիվանագետի կարգավիճակին հավասարեցված կարգավիճակ՝ էստեղից բխող բոլոր հետևանքներով, բոլոր իրավունքներով և պարտականություններով», - նշեց Եղոյանը:
Ազգային ժողով վավերացման տարված փաստաթուղթը չի անդրադառնում եվրոպացի դիտորդների մանդատի հարցերին. ի՞նչ նպատակով են նրանք եկել Հայաստան, քաղաքացիակա՞ն են, թե՞՝ ոչ, ի՞նչ գործառույթներ, պարտականություններ ունեն։ Ո՞վ է որոշել մանդատը, հարց է բարձրացնում «Հայաստան» դաշինքից պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Պետք է մանդատը՝ ինչի նպատակով են գալիս, հստակ լինի: Մեր վերապահումը չէր վերաբերում՝ եվրոպացիք գան, չգան, խոսքը վերաբերում է թղթին, որը դրվելու է քվեարկության: Այսինքն՝ սա պետք է կապվի մանդատի հետ», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Ազգային ժողով վավերացման տարված փաստաթուղթը մանդատի մասին չէ, այլ՝ դիտորդների կարգավիճակի և այլ տեխնիկական մանրամասների, խորհրդարանական հանձնաժողովի քննարկմանը նշեց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը, որը նկատում է, որ Եվրամիությունը նույն ոճի տիպային համաձայնագրեր տարբեր երկրներ ուղարկած իր բոլոր 21 առաքելությունների մասին, որոնցից 12-ը քաղաքացիական են։
«Մանդատը որոշվում է համապատասխան միջազգային կազմակերպության կամ միջազգային կառույցի կողմից: Եվրամիությունը միջազգային կազմակերպություն չէ, Հայաստանը՝ չլինելով Եվրամիության անդամ, բնականաբար, չի մասնակցում առաքելությունների մանդատի մշակմանը: Այնուամենայնիվ, դա հնարավորություն է, որը տրամադրում է Եվրամիությունը, և եթե կա ցանկացող երկիր, նա դիմում է Եվրամիությանը, որպեսզի նա այս հարցում աջակցի: Այս տեղի ունեցավ մեր խնդրանքի հիման վրա, Եվրամիությունը արձագանքեց և ուղարկեց այն առաքելությունը, որի մանդատը որոշված է ԵՄ անդամ երկրների կողմից», - հայտարարեց փոխնախարարը:
Ընդդիմադիրներին անհանգստացնում է ոչ միայն այն հանգամանքը, որ դիտորդների մանդատը ևս չի հաստատվում Հայաստանի Ազգային ժողովում, այլև՝ առաքելության շարքերում Եվրամիությունից դուրս երրորդ երկրների ներգրավման հարցը։
«Կարող է՞ լինի Թուրքիան՝ հաշվի առնելով Տոյվո Կլաարի հայտարարությունը, կարող է՞ լինի Պակիստանը, կարող է՞ լինի Ադրբեջանը: Տեսականորեն՝ այո: Ես չեմ կարող կուրորեն վստահել փոխարտգործնախարարի բարի աչքերին և ասել՝ ինքն ասում է՝ չէ, դե մենք կխոսենք», - ասաց Արթուր Խաչատրյանը:
Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի ղեկավար Արման Եղոյանը վստահեցնում է՝ նման զարգացում հնարավոր չէ, որևէ երկրի ներգրավման դեպքում նախ Հայաստանը պետք է համաձայնություն տա: Ընդդիմադիրները, սակայն, պնդում են՝ այդ մասին որևէ բան փաստաթղթում գրված չէ:
«Արդե՛ն մասնակցում են, դիցուք՝ Կանադան: Կանադան ունի ներկայացուցիչներ այս առաքելության կազմում, և այլ երկրներ էլ կարող են ունենալ: Այստեղ ո՞րն է խնդիրը: Պարզ է, որ, բնականաբար, դա համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հետ», - ընդգծեց Եղոյանը:
Մինչև նախագծի խորհրդարան գալը մի քանի գերատեսչություններ կարծիք էին հայտնել, որ համաձայնագիրը խախտում է Հայաստանի տեղական որոշ օրենքներ։ Օրինակ՝ Արդարադատության նախարարությունը գրել էր, որ առաքելության ներկայացուցիչները հայաստանյան օրենքի համաձայն չեն հանդիսանում դիվանագիտական անձինք և չեն կարող ունենալ դիվանագիտական անձեռնմխելիություն, ինչպե՞ս պետք է ստանան այն: Արտգործնախարարությունը, սակայն, պատասխանել է, որ սա միջազգային համաձայնագիր է, այն Սահմանադրության համաձայն վեր է տեղական օրենքներից. - «Որը որ Սահմանադրությանը չհակասի միջպետական համաձայնագիրը», - նշեց Արման Եղոյանը:
Մինչ այդ, խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն առայժմ չեն բացահայտում՝ հաջորդ շաբաթ ինչպես են քվեարկելու նախագծի վերաբերյալ, դե՞մ, թե՞ կողմ են արտահայտվելու հայ - ադրբեջանական սահմանին եվրոպացի դիտորդների տեղակայման կարգավիճակի հաստատմանը։