Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պետր Միխալկոն ափսոսանք է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության դեմ ադրբեջանական լրատվամիջոցների արշավի կապակցությամբ։
«Ցավում եմ, որ վերջին օրերին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ բացարձակապես անհիմն քննադատություն են հրապարակել Հայաստանում ԵՄ առաքելության հասցեին», - X-ի իր էջում գրել է Միխալկոն՝ շեշտելով՝ Հայաստանում ԵՄ առաքելությունն անզեն է, մանդատը դիտորդական առաքելություն իրականացնելն է։
Նա վերահաստատել է՝ առաքելության նպատակը կայունության և վստահություն ամրապնդելն է։
«ԵՄ-ն կշարունակի իր ջանքերը՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմանը», - եզրափակել է դեսպանը։
Օրերս Բաքուն հաղորդեց, որ Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի։ Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները փորձում են կապ գտնել նրա և ԵՄ դիտորդական առաքելության միջև՝ Չեխիայի քաղաքացուն մեղադրելով լրտեսության համար։
2023-ի հունվարի վերջին Եվրամիությունը հավանություն տվեց Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Եվրամիության 100 դիտորդները Հայաստան ժամանեցին փետրվարի վերջից։
Առաքելության մանդատը երկու տարի է, օպերատիվ շտաբը Հայաստանում է։
Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվում է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց են տվել իրենց բացասական դիրքորոշումը տվյալ հարցում:
Այդուհանդերձ Եվրամիության արտգործնախարարները 2023-ի նոյեմբերին հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության ընդլայնմանը։ Դեկտեմբերի վերջին ԵՄ-ն դիտորդների թիվը՝ 138-ից հասցրեց 209-ի: Առաքելությունը ողջունել է ԵՄ խորհրդի այս որոշումը՝ շեշտելով՝ առաքելության անձնակազմի ավելացումն ընդգծում է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը ԵՄ հանձնառությունը։