Մատչելիության հղումներ

«Ավելի քան 1720 պարեկություն»․ լրացավ ԵՄ առաքելության մեկ տարին Հայաստանում


Լրացավ ԵՄ առաքելության մեկ տարին Հայաստանում․ 2023-ի փետրվարի 20-ին առաքելության 100 դիտորդներ ժամանեցին Հայաստան՝ «նպաստելու սահմանամերձ շրջաններում կայունությանը, ինչպես նաև աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար միջավայրի ստեղծմանը»։

Մինչ օրս առաքելությունն ավելի քան 1720 պարեկություն է իրականացրել, տեղեկացնում է Հայաստանում ԵՄ առաքելության X-ի էջը՝ նշելով, որ Ջերմուկում պարեկության ժամանակ ԵՄ առաքելությունը երեկ ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին:

Առաքելության մանդատը երկու տարի է։ Դեկտեմբերի վերջին ԵՄ խորհուրդը ընդլայնեց Հայաստանում իր դիտորդական առաքելությունը՝ դիտորդների թիվը՝ հասցնելով 209-ի: Առաքելությունն իր լիարժեք գործառույթներն իրականացնում է 6՝ Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Մարտունու և Իջևանի գրասենյակներից։

Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայված է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց են տվել իրենց բացասական դիրքորոշումը տվյալ հարցում:

Ըստ Բաքվի՝ տարածաշրջանում կայունություն, Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության հաստատելու իր հայտարարություններին հակառակ, առաքելությունը որպես «հակաադրբեջանական քարոզչական գործիք է օգտագործվում»։ Բաքուն օրերս նույնիսկ բողոքի նոտա հղեց ԵՄ-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG