Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության Իջևանի օպերատիվ գրասենյակի թիմը երեկ հյուրընկալել է Վրաստանում Ավստրիայի դեսպան Թոմաս Մյուելմանին և ռազմական կցորդ գնդապետ Ահամմերին:
Ըստ ԵՄ առաքելության X-ի էջի՝ պարեկության ընթացքում դիտորդները ներկայացրել են առաքելության աշխատանքը և տարածքում տիրող իրավիճակը:
Օրեր առաջ էլ Դանիայի խորհրդարանական պատվիրակությունն էր պարեկություն իրականացնում ԵՄ առաքելության հետ՝ «հասկանալու առաքելության աշխատանքն ու ծանոթանալու անվտանգային վիճակին»։
Վրաստանում և Հայաստանում Դանիայի դեսպանն էր X-ի իր էջում գրառում կատարել, մասնավորապես, նշելով՝ «Դանիան հպարտ է աջակցելու կարևոր աշխատանքին»։
Այս տարվա փետրվարի վերջին լրացավ ԵՄ առաքելության մեկ տարին Հայաստանում․ 2023-ի հունվարի վերջին Եվրամիությունը հավանություն տվեց Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Եվրամիության 100 դիտորդները Հայաստան ժամանեցին 2023-ի փետրվարի վերջից։
Առաքելության մանդատը երկու տարի է, օպերատիվ շտաբը Հայաստանում է։
Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվում է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց են տվել իրենց բացասական դիրքորոշումը տվյալ հարցում:
Այդուհանդերձ Եվրամիության արտգործնախարարները 2023-ի նոյեմբերին հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության ընդլայնմանը։ Դեկտեմբերի վերջին ԵՄ-ն դիտորդների թիվը՝ 138-ից հասցրեց 209-ի: Առաքելությունը ողջունել է ԵՄ խորհրդի այս որոշումը՝ շեշտելով՝ առաքելության անձնակազմի ավելացումն ընդգծում է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը ԵՄ հանձնառությունը։
Առաքելությունն իր լիարժեք գործառույթներն իրականացնում է 6՝ Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Մարտունու և Իջևանի գրասենյակներից։