Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետր Միխալկոն հրավիրվել է արտաքին գործերի նախարարություն։
Ադրբեջանի արտգործնախարարությունը վերահաստատել է «իր լուրջ մտահոգությունը» Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) գործունեության վերաբերյալ՝ նշելով, թե «այն հակասում է առաքելության և գործունեության վերաբերյալ նախնական պայմանավորվածություններին»։
Ըստ Բաքվի՝ տարածաշրջանում կայունություն, Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության հաստատելու իր հայտարարություններին հակառակ, առաքելությունը որպես «հակաադրբեջանական քարոզչական գործիք է օգտագործվում»։
Բաքուն մեղադրել է ԵՄ-ին «հեռադիտակներով դիվանագիտություն» վարելու համար՝ նշելով, թե «առաքելությունը նպաստում է եվրոպացի պաշտոնյաների և ոչ պաշտոնական պատվիրակությունների այցերին սահմանամերձ շրջաններ»։
«Բոլոր նման այցերը, առանց բացառության, օգտագործվում են Ադրբեջանի դեմ ատելություն տարածելու համար», - նշել է Բաքուն՝ շեշտելով, թե «հատկապես մտահոգիչ է, որ «հեռադիտակային դիվանագիտության» նման ակտիվացումը տեղի է ունենում «սահմանի երկայնքով աննախադեպ հանգիստ իրավիճակի պայմաններում, երբ Ադրբեջանը և Հայաստանը վստահության ամրապնդման լուրջ միջոցառումներ են իրականացնում»։
Օրերս Բաքուն հաղորդեց, որ Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի։ Բաքուն փորձեց կապ գտնել նրա և ԵՄ դիտորդական առաքելության միջև՝ Չեխիայի քաղաքացուն մեղադրելով լրտեսության համար։
Ադրբեջանի արտգործնախարարությունն այսօր նաև հայտարարել է, թե «ԵՄ առաքելության պատասխատավության հատվածում սահմանի ապօրինի հատման փորձի վերջին դեպքը լուրջ ստվեր է գցում առաքելության հայտարարած նպատակների վրա»։
«Նման գործողությունները ոչ մի կերպ չեն համապատասխանում, որպես չեզոք դերակատար, վստահության ամրապնդման շուրջ առաքելության հայտարարված նպատակներին», - նշել է արտգործնախարարությունը։
Բաքուն կոչ է արել ԵՄ-ին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ որպեսզի Հայաստանի տարածքում տեղակայված ԵՄ առաքելությունը «գործի խստորեն որպես չեզոք, քաղաքացիական և անզեն առաքելություն՝ համաձայն իր հայտարարած մանդատի, ձեռնպահ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է թիրախավորել Ադրբեջանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը կամ որևէ այլ կերպ ազդել նրա օրինական անվտանգության շահերի վրա»:
Օրերս Պետր Միխալկոն ափսոսանք էր հայտնել առաքելության դեմ Բաքվի արշավի կապակցությամբ՝ շեշտելով՝ Հայաստանում ԵՄ առաքելությունն անզեն է, մանդատը դիտորդական առաքելություն իրականացնելն է։
Առաքելությունը Հայաստանում տեղակայվել է 2023-ի փետրվարից, մանդատը երկու տարի է։ Պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, առաքելությունը «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: