ԵՄ քաղաքացիական առաքելության արդյունավետ գործունեությունը նպաստում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը, երեկ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում ընդունելով Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին:
Ըստ վարչապետի գրասենյակի՝ Փաշինյանն ու Տոմատն անդրադարձել են ԵՄ դիտորդական առաքելության արդյունքներին, վերջինիս հետագա գործունեությանը վերաբերող հարցերի՝ ընդգծելով Հայաստան-ԵՄ բազմաոլորտ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը:
Առաքելությունը Հայաստանում տեղակայվել է 2023-ի փետրվարից, մանդատը երկու տարի է։ Պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, առաքելությունը «նպաաստում է սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»:
Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայված է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց են տվել իրենց բացասական դիրքորոշումը տվյալ հարցում:
Ըստ Բաքվի՝ տարածաշրջանում կայունություն, Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության հաստատելու իր հայտարարություններին հակառակ, առաքելությունը որպես «հակաադրբեջանական քարոզչական գործիք է օգտագործվում»։ Բաքուն օրերս նույնիսկ բողոքի նոտա հղեց ԵՄ-ին։