Մատչելիության հղումներ

ԵՄ դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, բողոքել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունից


Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ավտոմեքենաները, արխիվ
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ավտոմեքենաները, արխիվ

Հայ - ադրբեջանական սահմանին տեղակայված Եվրամիության առաքելության գործունեությունը լրջորեն մտահոգում է պաշտոնական Բաքվին։ Ադրբեջանի արտգործնախարարությունն այս մասին հայտարարել է այսօր Բաքվում ԵՄ դեսպան Պետեր Միխալկոյի հետ հանդիպման ընթացքում։ Դաշինքի՝ Բաքվում գործող ներկայացուցչության ղեկավարն Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչություն էր կանչվել այսօր առավոտյան։

«Հանդիպման ընթացքում լուրջ մտահոգություն է արտահայտվել Հայաստանում ԵՄ մոնիթորինգի առաքելության գործողությունների շուրջ, որոնք հակասում են դրա գործունեության և նպատակների շուրջ նախապես ձեռք բերված պայմանավորվածություններին», - նշված է Միխալկոյի հետ հանդիպման ավարտին Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ «հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ հակառակ բարձրաձայնված այն պնդմանը, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը պետք է նպաստի տարածաշրջանում կայունության, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության հաստատմանը, այն լայնորեն օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք»։

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունից դատելով՝ Բաքվին նյարդայնացնում են հատկապես Երևան ժամանող եվրոպացի պաշտոնյաների այցերը սահման, որոնց ընթացքում նրանց ուղեկցում են Հայաստանում տեղակայված եվրոպացի դիտորդները։

«ԵՄ ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ [դիտորդական] առաքելությունը ըստ էության «հեռադիտակային դիվանագիտության» գործակալի է վերածվել՝ կազմակերպելով եվրոպական պաշտոնական և ոչ պաշտոնական պատվիրակությունների այցերը սահմանային շրջաններ։ Առանց բացառության նմանատիպ բոլոր այցելությունները օգտագործվել են հակաադրբեջանական ատելության և անհիմն ադրբեջանատյացության տարածման համար», - նշում է այդ երկրի ԱԳՆ-ը՝ չհստակեցնելով, սակայն, իրենց բնորոշած «հեռադիտակային դիվանագիտության» կոնկրետ դեպքերը։

Կարելի է, այդուհանդերձ, ենթադրել, որ խոսքը, մասնավորաբար, Ֆրանսիայի Ազգային ժանդարմերիայի գեներալ Ուիլյամ դե Մեյերի՝ փետրվարի սկզբին հայ - ադրբեջանական սահմանի Ջերմուկի հատված կատարած այցի մասին է, որի ընթացքում ֆրանսիացի գեներալը, ԵՄ դիտորդների ուղեկցությամբ, իրոք հեռադիտակով ուսումնասիրում էր սահմանից այն կողմ տիրող կացությունը։ Ֆրանսիացի զինվորականի շրջայցից երկու օր անց Ադրբեջանի պետական լրատվամիջոցները քարոզչական իսկական արշավ սկսեցին՝ պնդելով, թե այս և նմանատիպ այլ այցերի նպատակը «լոկալ ռազմական գործողության» նախապատրաստումն է։

«Ֆրանսիան Հայաստանին նախապատրաստում է նոր պատերազմի։ Մենք գիտենք Մակրոնի և Փաշինյանի ապագա հարձակման բնույթն ու ուղղությունը։ Հարձակումն անակնկալ է լինելու և իրականացվելու է Ջերմուկի կողմից», - Ադրբեջանի պետական հեռուստատեսության գլխավոր վերլուծական ծրագրի փետրվարի 3-ի եթերում հայտարարում էր դրա հեղինակը։

Վերադառնալով Ադրբեջանի ԱԳՆ այսօրվա հայտարարությանը՝ հարկ է նկատել, որ պաշտոնական Բաքուն նաև թափանցիկորեն ակնարկում է, թե եվրոպացի պաշտոնյաների և զինվորականների այցերը սահման կարող են փոխել իրավիճակը։

«Հատուկ մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ «հեռադիտակային դիվանագիտության» նման ակտիվացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ սահմանի երկայնքով աննախադեպ հանդարտ իրավիճակ է տիրում, իսկ Ադրբեջանն ու Հայաստանը լուրջ քայլեր են ձեռնարկում վստահության ամրապնդման ուղղությամբ», - հայտարարում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը՝ հավելելով. - «Ավելին, վերջերս կանխված՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության պատասխանատվության գոտու անօրինական հատումը լրջորեն ստվերում է այդ առաքելության հայտարարված նպատակները»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն «անօրինական հատում» ասելով ըստ երևույթին նկատի ունի Չեխիայի քաղաքացու՝ սահմանին ձերբակալությունը։ Ադրբեջանական կողմը պնդում է, թե Չեխիայի քաղաքացին փետրվարի 3-ին անօրինականորեն հատել էր սահմանը՝ անարգել անցնելով ականապատ տարածքներով։ Արևելաեվրոպացու ձերբակալությունից ժամեր անց սկսեցին տեղեկություններ շրջանառվել, թե ձերբակալվածը ԵՄ դիտորդական առաքելության աշխատակից է։ Հետագայում, սակայն, այդ տեղեկությունները հերքվեցին։

Այսօրվա հայտարարությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ը նաև կասկածի տակ է դնում ԵՄ դիտորդական առաքելության անկողմնակալ բնույթը։

«Եվրամիությանը կոչ ենք անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Հայաստանում տեղակայված առաքելությունը գործի բացառապես որպես չեզոք, քաղաքացիական և անզեն կառույց՝ իրեն տրամադրված մանդատին համապատասխան, և զերծ մնա այնպիսի գործունեությունից, որ որևէ կերպ կարող է վնաս հասցնել Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը կամ որևէ այլ կերպ կարող է առնչվել երկրի օրինական անվտանգային շահերին», - նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

XS
SM
MD
LG