Մատչելիության հղումներ

Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ վաղեմության ժամկետի հիմքով


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, արխիվ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, արխիվ

Չորս տարի ձգված դատաքննությունից հետո Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց նրա իսկ միջնորդությամբ։

Իր նախագահության օրոք 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող Քոչարյանը երեկ էր դիմել դատարանին, ասել, որ անցել է այս գործով վաղեմության ժամկետը, ինչն էլ նրան հնարավորություն է տալիս ազատվել քրեական հետապնդումից, բայց առանց արդարացման կամ էլ մեղադրական դատավճռի։

Այսօրվա նիստում պաշտոնաթող նախագահը շատ կարճ անդրադարձավ այս հարցին, դրանից առաջ էլ հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցերին։

Դատավորի հարցին՝ «պարոն Քոչարյան, պնդում ե՞ք Ձեր միջնորդությունը», նա արձագանքեց. - «Հարգելի դատարան, այո, պնդում եմ»:

Դատավոր Աննա Դանիբեկյանը խորհրդակցական սենյակում մոտ մեկ ժամ անցկացնելուց հետո հրապարակեց Քոչարյանի քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը.

«Դատարանը որոշեց Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով; Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին պատկանող՝ քաղաք Երևան, Իսակովի պողոտա 23/7 հասցեի տան և դրամական միջոցների նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավը վերացնել; Գայանե Ռոբերտի Քոչարյանի կողմից Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քրեական դատարանի դեպոզիտ հաշվին վճարված 2 միլիարդ ՀՀ դրամ գրավի գումարը վերադարձնել Գայանե Ռոբերտի Քոչարյանին»:

Աննա Դանիբեկյանը երկու տարի առաջ էլ Սահմանադրական դատարանի որոշումից հետո նախկին նախագահին արդարացրել էր 2008 թվականի մարտի 1-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով, դրանից հետո դատարանը քննում էր միայն կաշառք ստանալու դրվագը։ Նախկին նախագահը պարբերաբար հայտարարում էր, թե անմեղ է, կաշառք չի վերցրել։

Ինչո՞ւ, սակայն, չգնաց մինչև վերջ՝ ապացուցելու իր անմեղությունը, փոխարենը համաձայնեց փակել իր դեմ գործը։ Նրա փաստաբան Միհրան Պողոսյանը բացատրեց, որ 69-ամյա պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի, պետք է արտերկրում բուժվի, բայց դատավոր Աննա Դանիբեկյանը մշտապես մերժում էր իրենց ու թույլ չէր տալիս նրան լքել երկիրը։ Եվ նախկին նախագահն ընտրեց այս ուղին, որ կարողանա բուժվել։

«Երբ որ եկավ դեկտեմբեր ամիսը, առողջության հետ կապված պարոն Քոչարյանը անհրաժեշտություն կար, որպեսզի կարճատև մեկնի հետազոտություններ անցնելու: Ընդ որում, նույն ժամանակահատվածում տեղի չէր ունենալու դատական նիստ: Դատարանները, տիկին Դանիբեկյանը, քաջ գիտակցելով՝ դատական նիստ չանցկացնելը ինչով կարող է իրեն սպառնալ՝ Կառավարության հայտնի նիստից հետո, էդ օրերին նշանակում էր դատական նիստեր, որոնք չէին կայանում, ու ըստ էության որոշում չկայացրեց պարոն Քոչարյանի ելքը թույլատրելու հետ կապված», - ասաց Պողոսյանը:

Մինչդեռ մայիսին, երբ նոր էր լրացել Քոչարյանին վերագրվող հանցագործության վաղեմության ժամկետը, դատարանը հարցրել էր նախկին նախագահին՝ համաձա՞յն է, որ կիրառվի վաղեմության ժամկետը, նա առարկել էր, նկատեց դատախազ Հայկ Հովհաննիսյանը։

«Այդ մասին դատարանը պարզաբանել էր ամբաստանյալին՝ առաջարկելով դիրքորոշում հայտնել՝ նա ցանկանո՞ւմ է, որպեսզի իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, թե՞՝ ոչ: Քոչարյանը առարկել էր, պատճառաբանելով, որ գնում է արդարացման», - ասաց Հովհաննիսյանը:

Դատախազը պարզաբանեց՝ վաղեմության ժամկետով գործը փակելը չի նշանակում, որ Քոչարյանն արդարացվում է կամ էլ մեղավոր է ճանաչվում։ Դա կլիներ միմիայն դատաքննության ավարտից հետո, երբ լիներ ուժի մեջ մտած որոշում։ Իր հերթին, Քոչարյանը պետությանը որևէ վնաս վերականգնելու պարտականություն էլ չունի, քանի որ նրան մեղսագրվող հոդվածով պետությանը վնաս չի պատճառվել։

Տարիներ առաջ երկրորդ նախագահի դեմ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել գործարար Սիլվա Համբարձումյանը։ Բողոքել էր, որ 3 միլիոն դոլար է տվել Քոչարյանի մտերիմ գործարար Սամվել Մայրապետյանին, որ փոխանցի նախագահին հանքարդյունաբերության ոլորտում իր գործերին չխոչընդոտելու համար։

Այս գործով մեղադրյալ է նաև Քոչարյանի նախկին թիմակից, այժմ նրա առաջնորդած ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։ Նա մեղադրվում է 1 միլիոն դոլար կաշառք ստանալու, նաև՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։ Գևորգյանը ևս մեղքը չի ընդունում, նրան մեղսագրվող հոդվածների վաղեմության ժամկետը դեռ չի լրացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG