Մատչելիության հղումներ

«Չեմ հասկանում՝ ինձ ինչի մեջ են մեղադրում»․ Քոչարյանի պաշտպանները դատարանին միջնորդեցին դիմել ՍԴ


2008-ի մարտյան արյունալի իրադարձությունների գործով արդարացվելուց հետո միայն կաշառք ստանալու համար մեղադրվող երկրորդ նախագահն այսօր դատարանում կրկին հայտարարեց՝ իրեն պարզ չէ, թե կոնկրետ ինչ գործողության համար է մեղադրվում։

Երեքուկես տարվա դատական նիստերից հետո անցած շաբաթ վերջապես մեղադրողները կարդացին մեղադրական եզրակացության ամփոփիչ մասը, ըստ որի Ռոբերտ Քոչարյանը գործարար Սիլվա Համբարձումյանից իր մտերիմ գործարար Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ 3 միլիոն դոլար կաշառք է ստացել:

«Ինձ համար այդ ձևակերպումներն անհասկանալի էին հենց մեղադրանքն առաջադրելու պահին, և այն ժամանակ, երբ քննիչին ասացի՝ «այս կամ այս կետն ի՞նչ է նշանակում, այս բառը, այս նախադասությունը, այս լիազորությունների շրջանակը», քննիչն ասաց, որ ինքը պարտավորություն չունի ինձ պարզաբանելու։ Ասաց՝ «եթե համաձայն չեք, ուղղակի գրեք, որ համաձայն չեք, վերջ»։ Ես այս ողջ ընթացքում, բազմաթիվ նաև հրապարակային ելույթներում, ասում էի, որ չեմ հասկանում, թե ինձ ինչի մեջ են մեղադրում», - ասաց Քոչարյանը։

Մեղադրականի հրապարակումից հետո դատարանը պետք է անցնի գործի քննությանը՝ վկաներին հարցաքննի, ապացույցները հետազոտի, բայց այսօրվա դատական նիստին Քոչարյանի պաշտպանները դատավոր Աննա Դանիբեկյանին միջնորդեցին դիմել Սահմանադրական դատարան։

Մեղքը չընդունող պաշտոնաթող նախագահի պաշտպանը հայտարարեց՝ դատավորը իրավունքի ունի պարզաբանել մեղադրանքը դատախազների ներկայացրած մեղադրականի շրջանակում, բայց երբ այն հասկանալի չէ մեղադրյալի համար, դատավորը չի կարող դուրս գալ ներկայացված տեքստի ծավալից և այլ մանրամասներ ներկայացնել։

Հայկ Ալումյանն ու Ռոբերտ Քոչարյանը դատական նիստերից մեկի ժամանակ, 2019թ․
Հայկ Ալումյանն ու Ռոբերտ Քոչարյանը դատական նիստերից մեկի ժամանակ, 2019թ․

Փաստաբանը դատավորին առաջարկեց այս փուլում կասեցնել գործի քննությունը և դիմել Բարձր դատարան՝ այս խնդիրը հանգուցալուծելու համար։ Հայկ Ալումյանը վկայակոչեց նաև Եվրոպական կոնվենցիան, ըստ որի մեղադրյալը հանգամանորեն պետք է տեղեկացվի իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին։

«Միջնորդության առարկան է օրենսդրական բացը, այն է՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը քրեական գործով վարույթ իրականացնող դատարանին չի տալիս հնարավորություն պարզաբանելու ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն այն դեպքերում, երբ այդ մեղադրանքը շարադրված է ոչ պարզ ձևով», - հայտարարեց Ալումյանը։

Մեղադրող դատախազները, սակայն, դատարանին խնդրեցին մերժել միջնորդությունը։ Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, հակադարձելով Քոչարյանին ու նրա պաշտպաններին, ընդգծեց՝ մեղադրանքը ավելի քան հստակ է և պարզ։

«Իսկ եթե մենք անընդհատ պարզաբանենք, իսկ պաշտպանության կողմն անընդհատ չհասկանա մեղադրանքի էությունը: Սահմանադրական դատարանի որոշումը ի՞նչ խնդիր է լուծելու: Իսկ մեր համար ակնհայտ է, որ եթե ձևակերպված հրապարակված ու բոլորի համար հասկանալի մեղադրանքը պաշտպանության կողմի համար հասկանալի չէ, ուրեմն այդպես պետք է ուղղակի», - ասաց Բաղդասարյանը։

Բաղդասարյանը պնդեց՝ այն, ինչ անցած շաբաթ ընթերցել են դատարանում, այս փուլում բավարար է, մյուս մանրամասները կներկայացնեն արդեն դատաքննության ընթացքում. «Մենք չենք կարող մեղադրանքի էությունն անհասկանալի լինելու փաստարկներին ի պատասխան այս պահին հիմնավորումներ ներկայացնել մեղադրանքի կապակցությամբ, այդ թվում, թե ինչ լիազորություններ պետք է իրացվեին, այդ դիրքի ազդեցությունն ինչպես տեղի կունենար, որովհետև դրանք ապացույցների հետազոտման մեջ հավանաբար կարտահայտվեն: Մեղադրանքն ի՞նչ է իրենից ներկայացնում, օրենքով սահմանված կարգով ներկայացված հիմնավորում է կոնկրետ անձի կողմից կոնկրետ հանցանք կատարելու մասին: Մեղադրանքը չի կարող քրեական գործում առկա բոլոր փաստական տվյալները դետալներով ներառել: Դա ձևակերպված մեղադրանք է, հակառակ դեպքում այս մեղադրանքը երևի վեց հատոր պետք է լինի»:

Ըստ մեղադրանքի, 2008-ին գործարար Սիլվա Համբարձումյանը հանք շահագործելու նպատակով ուսումնասիրման հատուկ լիցենզիաներ ստանալու և իրեն պատկանող ընկերության վաճառքին չխոչընդոտելու համար նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի միջնորդությամբ դիմել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և այլ պաշտոնատար անձանց՝ կաշառք է առաջարկել ու Քոչարյանի մտերիմ գործարար Սամվել Մայրապետյանի միջոցով 3 միլիոն դոլարը մաս-մաս փոխանցել, նույն գործարքի շրջանակում կաշառք է ստացել նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, որը նույնպես ամբաստանյալի աթոռին է նստած։

Այս հոդվածով Գևորգյանին ու Քոչարյանին 7-ից 12 տարվա ազատազրկում է սպառնում։

Սիլվա Համբարձումյանն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ գումարը փոխանցել է գործարար Մայրապետյանին, այդպես իր շնորհակալությունն է հայտնել իրեն չխանգարելու համար. «Ես միայն Մայրապետյան Սամվելին եմ փոխանցել, թե նա ում է տվել ես չգիտեմ արդեն: Մայրապետյան Սամվելն է եղել իմ միջնորդը, ես անձամբ իրենց չեմ ճանաչել, ո՛չ Արմեն Գևորգյանի հետ եմ իմ կյանքում շփվել, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի»:

Մեղադրանքի կոնկրետ ո՞ր հատվածը պարզ չէ պաշտպանական կողմի համար. փաստաբան Ալումյանը ասում է՝ եթե Քոչարյանին վերագրվում է կաշառք ստանալու մեղադրանք, ինչը իրենք հերքում են, ապա հետո պետք է պարզաբանվի, թե այդ կաշառքի դիմաց նա ինչ գործողություն է արել։

«Օրինակ՝ եթե գրված լիներ մեղադրանքի մեջ, որ նախագահը այսինչ հոդվածով նախատեսված այսինչ լիազորությունն օգտագործելով կամ էսինչ հոդվածով նախատեսված էսինչ լծակն օգտագործելով կարգադրել է բնապահպանության նախարարին, որպեսզի ինքը այսինչ որոշումը կայացնի կամ չկայացնի, որի դիմաց նրան տրվել է էսինչ բանը, էս մեղադրանքը մենք չէինք ասի, որ պարզ չի», - նշեց փաստաբանը:

Դատավորը Սահմանադրական դատարան դիմել - չդիմելու մասին իր որոշումը կհրապարակի մեկ շաբաթից՝ մարտի 1-ին դատական նիստին։

XS
SM
MD
LG