Մատչելիության հղումներ

Պետությունը ցանկանում է Քոչարյաններից բռնագանձել ավելի քան 60 մլն դոլար


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ընտանիքի անդամների և թիմակիցների հետ, Երևանում հանրահավաքի ժամանակ, մայիս, 2022թ.
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ընտանիքի անդամների և թիմակիցների հետ, Երևանում հանրահավաքի ժամանակ, մայիս, 2022թ.

Գույքն ու ֆինանսական միջոցները, որ պետությունը ցանկանում է բռնագանձել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու ընտանիքի անդամներից, անցնում է 60 միլիոն դոլարը։

Օրերս Դատախազությունը դատարանում ներկայացրել է մասնավորապես Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի ու նրա կնոջ այն գույքն ու դրամական միջոցները, որոնք իրավապահներն ապօրինի են գնահատել։

«Նշված գույքերը դրանց ձեռքբերման պահին առկա օրինական եկամուտներով չեն հիմնավորվել՝ որոշ գույքեր՝ ամբողջությամբ, որոշ գույքեր՝ մասամբ, ինչը հիմք է ծառայել Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի կարգավորումների համաձայն այդ գույքերը դիտել որպես ապօրինի և ներառել սույն հայցապահանջի մեջ», - հայտարարել է դատախազ Գևորգ Քոչարյանը:

Ըստ իրավապահների՝ Սեդրակ Քոչարյանն ու կինը գույք ունեն ոչ միայն Հայաստանում, այլև հեռավոր Տանզանիայում։
Բռնագանձման ցանկում են մայրաքաղաքում մի քանի տասնյակ գույք, ավտոկայանատեղիներ ամենակենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում, մի քանի բանկերում բաժնետոմսեր։

Ըստ Դատախազության՝ ԱԿԲԱ բանկում անցած տասը տարիների ընթացքում Սեդրակ Քոչարյանը 225 հազար դոլարի ավանդ է ունեցել, որի մեծ մասի ծագումն անօրինական է, անցած տարիներին էլ «Ամերիա», «Կոնվերս» բանկերում գնել է մեծ քանակությամբ բաժնետոմսեր, որոնք ևս անօրինական են:

«Տանզանիայում գրանցված «Փլեյ Մասթըրս Գեյմինգ Քորփորեյշըն» ընկերության 37.4 տոկոս մասնակցություն, 84.3 տոկոս մասնակցություն՝ «Թարգեթս Գրուփ» ընկերությունում», - նշել է դատախազը:

Քիչ չեն նաև մասնակցությունները հայտնի ընկերությունների մասնաբաժիններում, օրինակ, ըստ դատախազ Քոչարյանի, «Տոյոտա Երևան» ընկերությունում՝ 30 տոկոս:

Ընդհանուր առմամբ, Դատախազության գնահատականներով, երկրորդ նախագահն ու իր ընտանիքը պետությանը պետք է վերադարձնեն 20 անշարժ գույք Երևանում, 2 ավտոմեքենա և ավելի քան 54 միլիոն դոլար, և 6 միլիոն դոլարի հասնող տոկոսով տված գումար, արժեթղթեր։

Չնայած Դատախազության պնդումներին, որ Քոչարյաններն ապօրինի են կուտակել այս ունեցվածքը, երկրորդ նախագահի ընտանիքը բազմիցս հակադարձել է, թե այն ձեռք է բերել բիզնես գործունեության արդյունքում։ Տարիներ առաջ կրտսեր որդին՝ այժմ ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը, որը ևս անցնում է գույքի բռնագանձման գործով, լրագրողներին ասել էր, թե իրենց ունեցվածքը գրանցված է. - «Մենք ոչ մի բան չենք պահում, էն, ինչ կա, ամեն տեղ գրանցված է»:

Հակակոռուպցիոն դատարանում երկու դատավարություն է ընթանում՝ մեկը՝ Սեդրակ Քոչարյանի, մյուսը՝ երկրորդ նախագահի ու ընտանիքի մյուս անդամների ունեցվածքի վերաբերյալ։ Քոչարյանները չեն մասնակցում նիստերին՝ նրանց տեսակետը փոխանցում են փաստաբանները։

«Պարոն Քոչարյանին պատկանող գույքը ամբողջությամբ, էն, ինչ որ իրեն է պատկանում, իրենն է և օրինական է: Առաջ 4 միլիարդ էին, չէ՞, պահանջում, հիմա պրոգրես ունենք՝ եկել ենք 30 միլիարդ դրամի, 4 միլիարդ դոլար էին ուզում, հետո էդ 30 միլիարդը մի քիչ առաջ 21 միլիարդ էր, էդ 21 միլիարդը մի քիչ առաջ ինչ-որ այլ թիվ էր», - հայտարարել է նախկին նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը՝ շարունակելով. - «Խնդիրը թվեր հնչեցնելու մեջ չի, նորից, կարող ենք, իհարկե, նշենք թվեր, ուզում եմ ուշադրություն հրավիրեմ՝ ոչ թե այդքան գումար ունի, և էդ գումարը ապօրինի է եղել, ուղղակի Դատախազությունը հաշվել է, որ այ էդքան գումար պիտի բռնագանձեն: Որտեղից պիտի բռնագանձի, ինչի պիտի բռնագանձի՝ պարզ չի: Հենա կարող էր միանգամից մի 500 միլիարդ հաշվել»:

Հակակոռուպցիոն դատարանում այժմ քննվում է գույքի բռնագանձման ավելի քան 90 գործ։ Մեղադրյալների թվում են նախկին բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ՝ նրանց թվում նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը և այլոք։ Հօգուտ Հայաստանի պահանջվում է բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1000 անշարժ և 200 շարժական գույք, 270 իրավաբանական անձի մասնակցություն: Ընդհանուր հայցագինը 1 միլիարդ 245 միլիոն դոլար է կազմում։

Երևանից մինչև Տանզանիա. Սեդրակ Քոչարյանի ու կնոջ ունեցվածքի աշխարհագրությունը
please wait

No media source currently available

0:00 0:04:13 0:00

XS
SM
MD
LG