Մատչելիության հղումներ

Դատարանը մերժել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի բողոքն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի


Բողոքն առնչվում էր տասը մարդու կյանք խլած 2008-ի մարտյան դեպքերի մասին Փաշինյանի գնահատականներին, որոնցում նա անուններ չէր տվել։

«2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հերքի իր այս խոսքերը, որ հնչեցրել էր 2021-ի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում՝ անդրադառնալով 2008-ի մարտյան արյունալի իրադարձություններին։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մոտ երկու տարվա քննությունից հետո մերժել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի բողոքն ընդդեմ վարչապետի։ Բողոքն առնչվում էր տասը մարդու կյանք խլած 2008-ի մարտյան դեպքերի մասին Փաշինյանի գնահատականներին, որոնցում նա անուններ չէր տվել։

Դեռ պարզ չէ՝ արդյո՞ք պաշտոնաթող նախագահը բողոքարկելու է դատարանի վճիռը։ Նրա փաստաբանը առայժմ չի մեկնաբանում վճիռը։

Քոչարյանը, որ դեռ երկու տարի առաջ մեղադրվում էր 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար, բայց արդարացվեց Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա, պնդում էր, թե Փաշինյանը խախտել է իր իրավունքները, չի սպասել դատարանի վճռին։ Սա նշանակում է, որ վարչապետը հաստատված է համարել Քոչարյանին վերագրվող մեղադրանքը, դատարանում պնդել է նախկին նախագահի փաստաբանը։

Մինչդեռ դատարանում վարչապետի շահերը ներկայացնող «Էյ էմ» ընկերության փաստաբան Դավիթ Հունանյանը հակառակ տեսակետն ունի, որն էլ, ըստ էության, տեղ է գտել դատավորի երեկվա վճռում. - «Երբ էդ հայցը ես ուսումնասիրեցի, ինձ համար հստակ էր, որ էս դեպքում չկա և' զրպարտություն, և' անմեղության կանխավարկածի խախտում»։

Վճիռը հրապարակվել է երեկ երեկոյան։ Դատավոր Սերգեյ Սահակյանը եզրահանգել է, որ վարչապետը չի խախտել Քոչարյանի արդար դատաքննության իրավունքը և անմեղության կանխավարկածը, չի զրպարտել նրան։

Իր իրավունքների խախտման համար պաշտոնաթող նախագահը 4 միլիոն դրամ էր պահանջում վարչապետից և Հայաստանի Հանրապետությունից։

Փաստաբան Դավիթ Հունանյանը, ով արդեն հասցրել է ծանոթանալով վճռին, ասաց, թե դատավորն առաջնորդվել է նաև միջազգային փորձով. - «Դատարանը վճռով նախ և առաջ արձանագրել է, որ մարտի 1-ին 2021 թվականի տեղի ունեցած ելույթի ընթացքում վարչապետը ներկայացրել է իր քաղաքական խոսքը հանրությանը։ Բացի դրանից, որ որևիցե կոնկրետ անձի վերաբերյալ փաստացի տվյալներ չեն տարածվել»։

Նախկին նախագահի փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով, մինչդեռ, ի սկզբանե պարզ էր, թե գործն ինչպես է ավարտվելու, ավելին՝ պնդում է, թե դատավորը կողմնակալ էր, հենց դրա համար էլ բացարկ էին հայտնել նրան. - «Սա արդարադատության հետ ոչ մի կապ չունեցող վճիռ է, ավելի շատ ծառայությունների մատուցման ոլորտին է վերաբերում այս վճիռը։ Ես որ ասում եմ ծառայությունների մատուցման ոլորտ է, ես հույս ունեմ, որ շուտով նաև տեսանելի կլինի, թե էս ծառայության դիմաց ինչ պարգևավճար է նախատեսված եղել տվյալ դատավորին։ Նկատի չունեմ ինչ-որ գումարային կամ այլ։ Բայց նկատի ունեմ այն, ինչ կարելի է ակնկալել իշխանական մյուս ճյուղերից»։

Ալումյանը բազմիցս է պնդել՝ վարչապետի կարգավիճակում հանրության առջև Փաշինյանի խոսքը պետք է զուսպ լիներ։ Դատարանում ներկայացնելով Փաշինյանի ծավալուն ելույթը՝ Ալումյանն ընդգծել էր, որ վարչապետի խոսքն ուղղված է հենց Քոչարյանին ու մյուս մեղադրյալներին։ Այնինչ դատավորը վճռել է, որ իր ելույթում վարչապետը որևէ կոնկրետ անձի ու մասնավորապես Ռոբերտ Քոչարյանին չի անվանարկել, այլ քաղաքական գնահատականներ է հնչեցրել. - «Ասում է՝ էն ժամանակվա իշխանությունները... Հասկանալի է, որ էն ժամանակվա իշխանությունը առնվազն մեկը նկատի է ունեցվում իմ վստահորդը։ Եվ եթե կոնկրետ անուն նշված չի, բայց հասկանալի ա ում ա նկատի ունեցվում, ապա ելնելով նրանից, որ կոնկրետ գործ է մատնանշված և հենց միայն էդ գործն է տվյալ դեպքում դատարանում քննվում։ Հասկանալի է արդեն ում ա նկատի ունեցել»։

Նույն ելույթում Փաշինյանը նաև կարծիք էր հայտնել, թե Մարտի 1-ի հանցագործությունը բացահայտված է. - «Շատ կարևոր է արձանագրել, Մարտի 1-ի գործով կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ։ Պիտի, այո', արձանագրեմ, որ Մարտի 1-ի գործը ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է։ Շատերը հարց են տալիս, թե ինչպես կարելի է բացահայտված համարել Մարտի 1-ի գործը, երբ սպանությունները բացահայտված չեն։ Իմ կարծիքը ու անձնական գնահատականն այն է, որ, ճիշտ է, կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է»։

Վարչապետի այս հայտարարությունից ընդամենը տասն օր հետո պաշտոնաթող նախագահն արդարացվեց։ Մարտի 1-ի տասը զոհերի սպանությունը 15 տարի անց էլ բացահայտված չէ, բայց գործը չի փակվել, իրավապահները միայն ասում են, թե դեռ քննություն է ընթանում։

Հայտնի է միայն, որ զոհերից միայն մեկի՝ Զաքար Հովհաննիսյանի սպանության համար մեղադրվում է ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը, որը մեղքը չի ընդունում և որը դեռ երեք ու կես տարի առաջ ազատ արձակվեց երկամսյա կալանքից։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG