Դատավարության մեկնարկից գրեթե երեք տարի անց մեղադրող դատախազն այսօր ներկայացրեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրական եզրակացությունը, ըստ որի՝ նա 2008 թվականին 3 միլիոն դոլար կաշառք է ստացել։
Իրավապահները հայտարարում են, որ 2008-ին գործարար Սիլվա Համբարձումյանը հանք շահագործելու նպատակով ուսումնասիրման հատուկ լիցենզիաներ ստանալու և իրեն պատկանող ընկերության վաճառքին չխոչընդոտելու համար նախկին արտգործանախարար Վարդան Օսկանյանի միջնորդությամբ դիմել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և այլ պաշտոնատար անձանց՝ կաշառք է առաջարկել ու գումարը մաս-մաս փոխանցել, նույն գործարքի շրջանակում կաշառք է ստացել նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, որը նույնպես ամբաստանյալի աթոռին է նստած։ Այս հոդվածով Գևորգյանին ու Քոչարյանին 7-ից 12 տարվա ազատազրկում է սպառնում։
«Ռոբերտ Քոչարյանը կաշառքի իր մասնաբաժինն առանձնապես խոշոր չափերի` 927 միլիոն ՀՀ դրամին համարժեք 3 միլիոն ԱՄն դոլար գումարը ստացել է 2008 թվականի փետրվարին և մայիսին», - ասված է մեղադրական եզրակացության մեջ:
Բացի կաշառքից, Քոչարյանն ու նրա երեք ենթակաները մեղադրվում էին 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգի տապալման համար։ Մեկ տարի առաջ, երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց այս հոդվածը, նախկին պաշտոնյաները արդարացվեցին, և դատն այժմ ընթանում է միայն կաշառքի դրվագով։
Դատախազն այսօր մոտ 15 րոպե ընթերցեց մեղադրանքը, որից հետո պաշտպանական կողմը հայտարարեց՝ այդ եզրակացությունը հստակեցման, պարզաբանման կարիք ունի։ «Ես իսկապես չեմ հասկանում մեղադրանքի էությունը»,- նիստերի դահլիճում հայտարարեց 67-ամյա պաշտոնաթող նախագահը։
«Ես վերջապես պե՞տք է հասկանամ, թե ես ինչ եմ արել, ինչը չպետք է անեի, կամ ինչ չեմ արել` ինչ պիտի անեի: Ուղղակի չի նկարագրված որևէ գործողություն, որին բացատրություն ես պետք է տամ, երբ որ հարցաքննվեմ, ուղղակի չկա: Ես պետք է գամ, այդ փուլը որ գա, կանգնեմ այդ ամբիոնի մոտ ու ասեմ` ինձանից ի՞նչ եք ուզում: Չի նկարագրված որևէ գործողություն, որ ես արել եմ, որը չպետք է անեի կամ հակառակը», -հայտարարեց նա:
Դատավոր Աննա Դանիբեկյանը երկրորդ նախագահին հարցրեց՝ ընդունո՞ւմ է մեղադրանքը, թե՞ ոչ: Քոչարյանը կրկին մեղադրանքի պարզաբանում պահանջեց, ինչից հետո նրա պաշտպանները ի նշան բողոքի դուրս եկան դահլիճից:
Դատավոր Դանիբեկյանը որոշեց փաստաբանների նկատմամբ դատավարական սանկցիա կիրառել` նրանց տուգանելով 50 հազարական դրամով։
Արդեն նիստից հետո մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը անհասկանալի մեղադրանքի մասին Քոչարյանի պաշտպանների պնդումները պաշտպանական մարտավարություն որակեց՝ ընդգծելով՝ չհասկանալու ոչինչ չկար. «Տարածված տակտիկա կա` միշտ չհասկանալ, ինչքան էլ բացատրես` չհասկանալ: Օրինակ` կարելի էր չհասկանալ, որ գրված է մեղադրանքի մեջ 2007 թիվ, էդ որ տոմարով է, կարելի է ասել, որ դա չկա մեղադրանքի մեջ գրված, մեղադրանքը նկարագրված է բավականին հստակ: Երբ որ ասում են, որ չկա նկարագրված, թե ինչ գործողություն է արված, նկարագրված է, ինձ թվում է` դուք էլ լսեցիք, թե ով ում ինչքան ինչ է փոխանցել, ով ինչպես է դա ստացել»:
Մեղադրական եզրակացության հրապարակմանը հետևելու է բուն դատաքննությունը՝ ապացույցների հետազոտումը, վկաների հարցաքննությունը։ Վկաների թվում է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Վարդան Օսկանյանը, որի միջնորդությամբ, ըստ իրավապահների, տեղի է ունեցել ենթադրյալ կոռուպցիոն գործարքը։