9-ամյա Արեգ Գասպարյանը և նրա տատիկը՝ Ժուլետա Գալստյանը զոհվել են սեպտեմբերի 19-ի երեկոյան Արցախի Ներքին Հոռաթաղ գյուղում ադրբեջանական հետակոծության հետևանքով։
Կիսանկուղային հարկի սենյակում նրանցից բացի նաև Արեգի հորեղբայրն էր. - «Էդ սենյակում ես էի, մայրս, եղբորս տղան՝ Արեգը, մյուս սենյակում կինս էր երեխայի հետ և եղբորս կինը երկու երեխաների հետ: Հրետակոծության ժամանակ արկն ուղիղ ընկել է տան վրա՝ վնասելով այն հատվածը, որտեղ գտնվում էինք ես, մայրս, եղբորս տղան»:
Հետակոծությունից ընդամենը վայրկյաններ անց, Արթուր Գասպարյանի խոսքով, տան մի հատվածը փլված էր, Արեգն ու տատիկը փլատակների տակ։
«Փլատակների տակից հանեցի, դե հույս ունենալով, որ գոնե ողջ կլինեն, բայց արդեն ուշ էր», - պատմեց նա:
Արթուր Գասպարյանը մոր և զարմիկի հուղարկավորությանը չի մասնակցել. իր կնոջ, փոքրիկի ու զորհված զարմիկի՝ Արեգի մոր ու քույրերի հետ ստիպված են եղել հաջորդ օրը վաղ առավոտյան գյուղից հեռանալ Ստեփանակերտ, օրեր անց Ներքին Հոռաթաղում Արեգին ու նրա տատիկին հողին է հանձնել Արեգի հայրը, ապա ինքն էլ հեռացել գյուղից։
Արեգն ու տատիկը Արցախի դեմ վերջին հարձակման հարյուրավոր զոհերից 2-ն են։
Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ․ ՔԿ
Սեպտեմբերին 19-ի ադրբեջանական հարձակման հետևանքով զոհերի թիվն ավելի քան 200 է, 9-ը՝ խաղաղ բնակիչ, նրանցից 3-ը՝ երեխա։
Հարձումից 5 օր անց սկսված տեղահանման ընթացքում՝ ճանապարհին 64 մարդ է մահացել, հաղորդում է Քննչական կոմիտեն, որը գործ է հարուցել պարզելու Ադրբեջանի՝ Արցախի դեմ կատարած հանցագործությունների ողջ շղթան։
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի համոզմամբ՝ ադրբեջանական հարձակման հետևանքով զոհերի թիվն իրականում ավելի մեծ է։
«Իրականում առ այսօր, իմ տեղեկություններով, նաև Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաքության արդյունքում հավաքագրվել է 19 քաղաքացիական անձի զոհվելու դեպք՝ ներառյալ 6 երեխայի զոհվելու դեպք», - նշեց Բեգլարյանը:
Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, որ իրենք հրապարակել են միայն մանրակրկիտ ստուգված տվյալները, որոնք վերջնական չեն։ Մինչ այդ Բեգլարյանը հայտնում է, որ զոհված 6 երեխաների հարազատների հետ անձամբ է խոսել։ Երեք երեխա մահացել է սեպտեմբերի 19-ին Սառնաղբյուր գյուղում, 1-ը՝ Վանքում, մյուսը՝ Ներքին Հոռաթաղում, 6-րդ երեխան զոհվել է սրտի կանգի հետևանքով՝ ռմբակոծության ժամանակ։
«19 դեպքից մնացածը բոլոր չափահաս անձինք են, թիվը չեմ կարող ասել, բայց բավականին մեծ քանակի կան, 60-ից բարձր, այսինքն տարեցներ, այդ թվում՝ անձինք, որոնք իրենց գյուղերում են մնացել և տեղում սպանվել են կամ մահացել», - ասաց Բեգլարյանը:
Զոհվածների ու խոշտանգվածների մասին տվյալների հրապարակումից հետո Բաքուն շտապեց հայտարարել՝ Երևանը միտումնավոր մոլորեցնում է միջազգային հանրությանը՝ հրապարակելով կեղծ տվյալներ։
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն x-ում գրել է՝ «Ադրբեջանը ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները, որ խուսափի քաղաքացիական զոհերից» ապա պնդել է, որ «հակաահաբեկչական միջոցառումներն ավարտել են առանց խաղաղ բնակչության շրջանում զոհերի»։
«Ուղղակի իրենց հայտնի ձևն է, 20 թվականի բազմաթիվ ռազմական հանցագործություններն էլ բոլորը հերքել են, նույնիսկ նրանք, որոնք միջազգային իրավապաշտպանների և մասնագետների, լրագրողների կողմից հստակորեն ապացուցվել են», - նշեց Արտակ Բեգլարյանը:
Բաքուն հերքել է նաև խոշտանգումների վերաբերյալ տվյալները, մինչդեռ Քննչական կոմիետից նաև հայտնել էին, որ ադրբեջանական կողմը խոշտանգել է 14 հոգու, նրանցից 12-ը զինծառայողներ։ Բեգլարյանի խոսքով՝ կան զինծառողների խոշտանգված մարմիններ և հետաքննությունը կպարզվի այդ գործողությունները եղել են նրանց մահից հետո, թե դեռ ողջ եղած ժամանակ։
Սեպտեմբերի 19-ի մարտական գործողություններից հետո կան նաև անհետ կորածներ՝ 12 քաղաքացիական անձ և 30 զինծառայող, հայտնում են նաև գերեվարված 16 հոգու մասին, որոնցից միայն 9 մասին տվյալներն է ադրբեջանական կողմը հաստատել, այս մարդկանց շարքում են նաև Արցախի նախկին նախագահները, պետնախարարը ու երկու նախկին բարձրաստիճան զինվորական։