Մատչելիության հղումներ

Արցախցի կալանավորները, այդ թվում՝ լրտեսության մեջ մեղադրվողները, Հայաստանում ազատության մեջ են


Արցախցիների տեղահանման վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ազատ են արձակվել և Հայաստան եկել տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող տասը կալանավորներ և մեկ դատապարտյալ։ Թե որտե՞ղ են նրանք այժմ, Հայաստանի իրավապահ մարմինները տեղյակ չեն։

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից փոխանցեցին՝ սեպտեմբերի տեղահանումից հետո և ընդհանրապես 2023 թվականի ընթացքում Արցախից որևէ կալանավոր կամ դատապարտյալ իրենց չի փոխանցվել։ Վերջին անգամ Արցախից կալանավորներ 2020 թվականին են տեղափոխվել Հայաստան և ուղարկվել տարբեր քրեակատարողական հիմնարկներ։

Այսինքն ստացվում է, որ սեպտեմբերին Արցախից Հայաստան եկած կալանավորները ազատության մեջ են։ Եվ սա այն դեպքում, երբ նրանցից 6-ը մեղադրվում են պետական դավաճանության և լրտեսության մեջ։ Այս տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց Արցախի իրավապահ համակարգի բարձրաստիճան մի պաշտոնյա։ Վերջինիս խոսքով՝ սեպտեմբերի 28-ին, երբ այլևս անհնար էր կալանավորներին պահելը, իսկ նրանց Հայաստանի քրեակատարողական հիմնարկներ տեղափոխելու համար հատուկ մեքենա չկար, ստիպված Արցախի Գլխավոր դատախազությունը փոխել է կալանավորների խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին և ազատ արձակել։ Իսկ գողության համար դատապարտված անձին՝ պարզապես ազատ են արձակել։

«Իրենց այնտեղ փակած պահելը ճիշտ չէր», - ասաց արցախցի պաշտոնյան՝ տեղեկացնելով, որ 2020 թվականի պատերազմից հետո Շուշին կորցնելու հետ միասին, կորցրեցին նաև այնտեղ գտնվող միակ բանտը։ Այդ պատճառով կալանավորներին և դատապարտյալներին տեղափոխում էին Հայաստան։ Բայց երբ Ադրբեջանը 2022-ի դեկտեմբերին փակեց Հայաստանին կապող միակ ճանապարհը, կալանավորների համար Արցախում ինչ-որ մի տեղ հատկացրեցին։

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Արցախում տարբեր հանցանքների մեջ մեղադրվող և այժմ Հայաստանում գտնվող մոտ մեկ տասնյակ անձանց, արդյո՞ք լրտեսության համար մեղադրվողները վտանգ չեն ներկայացնում Հայաստանի համար։ Իրավապահ համակարգից որևէ մեկը այս հարցերի պատասխանը չունի։ Գլխավոր դատախազությունն ընդհանրապես զերծ մնաց մեկնաբանությունից։

Արցախից Հայաստան տեղափոխված իրավապահ մարմինները չեն գործում։ Նրանց գործունեության վերաբերյալ Հայաստանի իշխանությունները արցախցի պաշտոնյաներին դեռ որևէ բան չեն ասել։ Հետևաբար նրանք չգիտեն՝ լուծարվելու են, թե հետագայում կկարողանան ինչ -որ աշխատանքներ իրականացնել։

Արցախցի փաստաբանը կարծում է՝ Հայաստանում իր պաշտպանյալների մասով նոր վարույթներ հարուցելու հնարավորություն չկա

Արդյո՞ք Արցախում լրտեսության կամ պետական դավաճանության մեջ մեղադրվող անձանց նկատմամբ Հայաստանում հնարավոր է նոր քրեական վարույթներ հարուցել։ Իրավաբանները հղում անելով Հայաստանի Քրեական օրենսգրքին՝ նշում են՝ Հայաստանից դուրս կատարված հանցագործության վերաբերյալ վարույթ կարող է նախաձեռնվել այն դեպքում, եթե տվյալ արարքը ուղղված է Հայաստանի կամ Հայաստանի քաղաքացիների շահերի դեմ։

Արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը Լեռնային Ղարաբաղում պետական դավաճանության մեջ մեղադրվող մի քանի անձանց շահերն է պաշտպանում։ Նա «Ազատությանը» պարզաբանեց, որ իր պաշտպանյալներին ներկայացված պետական դավաճանության մեղադրանքը վերաբերում է Արցախի անվտանգությանը և ոչ՝ Հայաստանին։ Հետևաբար իր պաշտպանյալների գործերը չեն կարող վերաբացվել։

«Իսկ դա արդեն իսկ նշանակում է, որ այստեղ Հայաստանի Հանրապետության շահի վերաբերյալ դիտարկումներ չեն կարող անել», - ասաց փաստաբանը:

Անդրադառնալով այն մտավախություններին, որ Հայաստանում ազատության մեջ գտնվող այդ անձինք գուցե կարող են վտանգ ներկայացնել Հայաստանի համար, Մարտիրոսյանը հակադարձում է՝ եթե, օրինակ, իր պաշտպանյալներից պետական դավաճանության մեջ մեղադրվող Արցախի կառավարության լրատվության բաժնի նախկին աշխատակից Սամվել Բալայանի գործը մտներ դատարան, ապա նա արդարացվելու էր:

«Ինքը որպես մասնագետ կապի մեջ է մտել արտերկրում գտնվող լրատվական մի մարմնի հետ, ով պատվիրել է աշխատանքներ կատարել և համապատասխան ստանալ: Մարդը տեղեկությունները տվել է բաց հարթակում գտնվող տեղեկությունների հիման վրա: Երկրորդը՝ նա ընդհանրապես տեղեկություն չի ունեցել, որ իր գործողությունները իրականացվում են Ադրբեջանի հակահետախուզական աշխատողների հետ», - նշեց նա:

Փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը կարծում է՝ Հայաստանում իր պաշտպանյալների մասով նոր վարույթներ հարուցելու հնարավորություն չկա, բայց նույնիսկ եթե դա տեղի ունենա, ապա այն, ըստ փաստաբանի, կվնասի հենց Հայաստանի շահերին, քանի որ այդ գործընթացը Ադրբեջանը քաղաքական դաշտում կարող է օգտագործել Հայաստանի դեմ՝ ցույց տալով, որ Հայաստանը միջամտում է Արցախի ներքին գործերին։

XS
SM
MD
LG