Մատչելիության հղումներ

Արցախից հեռանալու համար բենզին էր հարկավոր. Էրիկի կինը մահացել է Ստեփանակերտի պահեստի պայթյունից


Ընդամենը 10 լիտր բենզին է հարկավոր եղել Էրիկ Յախշիբեկյանի 6 հոգանոց ընտանիքին ադրբեջանական արկերից փրկվելու համար։ Արկերից փրկվել են, բայց այդ 10 լիտր բենզինն ընտանիքին անդառնալի ողբերգություն է բերել։

Սեպտեմբերի 25-ի երեկոյան Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին բենզինի պահեստի ուժգին պայթյունն Էրիկին 20 մետր հեռու է շպրտել, կնոջը՝ Աննմանին, խորը այրվածքներ հասցրել։

Ստեփանակերտում ստեղծված քաոսը Աննմանին փրկելու շանսերը զրոյացրել է։

Երիտասարդ կնոջը կորցրած Էրիկն իր երեք անչափահաս երեխաների ու մոր հետ այժմ բնակվում է Լոռու մարզի Գուգարք գյուղում։ Երեխաները դպրոց են հաճախում, ինքն էլ փորձում է կյանքը շարունակելու ճանապարհ գտնել։

Արցախի քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, որ պահեստի պայթյունի դեպքից հետո քրեական գործ են հարուցել։ Արցախի լուծարումից հետո անգամ վարույթը չի կարճվել, քննիչներն աշխատում են, ասաց ներկայանալ չցանկացող Քննչականի պաշտոնյաներից մեկն՝ առանց մանրամասնելու՝ արդյոք դեպքի վայրում հասցրել են քննություն իրականացնել, կամ թե Հայաստանում արդեն ինչ գործողություններ են արվում։ Մինչ այսօր՝ դեպքից գրեթե մեկ ամիս անց, պայթյունի պատճառների մասին պաշտոնապես ոչինչ չեն հաղորդել ո՛չ Հայաստանի, ոչ էլ Արցախի իրավապահները։ Շրջանառվող հիմնական վարկածն, ըստ արցախցի պաշտոնյաների, մարդկային անփութությունն է։

Օրերս Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի նախկին խոսնակ Հունան Թադևոսյանն «Ազատությանն» ասել էր՝ պայթյունի հետևանքով հաստատված 220 զոհ կա։ Նրանցից մոտ 150 -ն անճանաչելի են, ավելի քան 50-ը՝ անհետ կորած։

Հայաստանի առողջապահության նախարարությունից այսօր հայտնեցին, որ Արցախից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով Հայաստան տեղափոխված 167 տուժած մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններում դեռ բուժում է ստանում: Եվս 19 պացիենտ արտասահմանյան կլինիկաներում են: Տուժածներից 26-ի վիճակը ծանր է, 10-ինը` ծայրահեղ ծանր: Անցած 25 օրերին գրանցվել է 41 մահվան դեպք, մեծ մասը` այրվածքի հետևանքով:

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG