Մատչելիության հղումներ

Բաքվում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը


Բաքվի դատարանում փաստացի անպաշտպան վիճակում հայտնված Վագիֆ Խաչատրյանն ադրբեջաներենով է հակադարձում իր դեմ ցուցմունք տվող ադրբեջանցիներին՝ պարբերաբար միջամտելով նրանց ելույթները։ 70-ամյա արցախցին հերքում է նրանց ու Բաքվի ներկայացրած ցեղասպանության մեղադրանքը։

Իսկ տուժող ներկայացող ադրբեջանցիներն այսօր ռազմական դատարանում հաստատում էին պետական մեղադրանքները՝ Խաչատրյանին ու մի խումբ հայերի մեղադրելով ավելի քան 30 տարի առաջ Մեշալի գյուղում 25 ադրբեջանցու սպանության համար։

Տուժող ներկայացվող ադրբեջանցիներից մեկը՝ Շահին Քյազիմովն այսօր հայտարարեց, թե Խաչատրյանն է կրակել վիրավորներին Խոջալու՝ Իվանյան տեղափոխող շտապօգնության մեքենայի վրա, որի մեջ նաև իր եղբայրն է եղել։

«Ավտոմեքենայի վրա կրակել են Վագիֆը, Արմարիսը և Արմարիսի եղբորորդին՝ Սպարտակը։ Այդ ժամանակվանցի ես գիտեմ Վագիֆին։ Ես լավ գիտեմ նաև այն գյուղի ղեկավարներին, որտեղ ապրում էր Վագիֆը։ Հորեղբորս գերեվարեցին, բայց նա կարողացավ փախչել»,- նիստին մասնակցող ադրբեջանցու խոսքերն է մեջբերում ԱՊԱ գործակալությունը։

Գործում որպես տուժող ներգրավված ադրբեջանցիները դատարանից պահանջում են Խաչատրյանին ցմահ ազատազրկման դատապարտել։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ 70-ամյա արցախցի տղամարդն այսօր ասել է, թե Մեշալի գյուղում տեղի ունեցած իրադարձությունների համար մեղավոր են՝ «Հայաստանից ու արտասահմանից եկած դաշնակցության անդամները» ու թե «գյուղի վրա հարձակումը նախօրոք մշակվել է Ստեփանակերտում»։

Մեշալին, որ արցախցիներին հայտնի է Լեսնոյ անվամբ, Խաչատրյանի ծննդավայրից՝ Ասկերանի Պատարա գյուղից մի քանի կիլոմետր է հեռու։

Հայ Հեղափոխական դաշնակցությունից այսօր չցանկացան մեկնաբանել Բաքվի բանտում պահվող արցախցու խոսքերը։ Կուսակցությունից «Ազատությանը» միայն հայտնեցին՝ «գերության մեջ գտնվող մեր հայրենակցի խոսքերը հիմա ճիշտ և արդար չէ մեկնաբանել»՝ ակնարկելով, որ Խաչատրյանի անօգնական վիճակում է՝ Բաքվի ճնշումների տակ։

Տարեց տղամարդու հարազատները բազմիցս, ու երեկ նաև հենց ինքը՝ Վագիֆ Խաչատրյանը դատարանում հայտարարել էր, որ ինքը սովորական վարորդ է եղել, ոչ մի ռազմական գործողության այդ ընթացքում չի մասնակցել, զինվորական պաշտոն չի զբաղեցրել, պետական մեղադրանքում էլ նկարագրվող իրադարձություններին որևէ կերպ չի մասնակցել։

«Իմ հայրը հանցագործ չէ, ցեղասպան չէ, նա ազնիվ և արդար մարդ է։ Դա նենց չի, որ միայն ես եմ ասում, դա իրեն բոլոր ճանաչողներն են ասում», - ասաց դուստրը՝ Ծովինար Խաչատրյանը:

Վագիֆ Խաչատրյանը առևանգվել ու Բաքու էր տարվել ամռանը, երբ փորձում էր Հակարիի ադրբեջանական անցակետով սրտի հրատապ վիրահատության համար Հայաստան գալ։ Ձերբակալությունից մի քան ժամ անց Բաքուն հայտարարեց, թե նրան վաղուց են փնտրում, անգամ միջազգային հետախուզում են հայտարարել։ Առայժմ պարզ չէ, թե դատախազը քանի տարվա ազատազրկում կպահանջի տարեց տղամարդու համար։

Խաչատրյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին:

XS
SM
MD
LG