Մատչելիության հղումներ

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են. Փաշինյան


«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են», - այսօր խորհրդարանում հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ շեշտելով՝ եթե կողմերը հավատարիմ մնան այդ սկզբունքներին, ապա խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը կդառնա իրատեսական։

Փաշինյանը թվարկեց համաձայնեցված 3 սկզբունքները։ Առաջին՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանինը՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետր է։

«Ըստ էության, պիտի ասեմ, որ այս թվերը վերցված են Խորհրդային Միության վերջին հանրագիտարաններում արձանագրվածից, որտեղ արձանագրվել է ՀԽՍՀ և ԱԽՍՀ տարածքի մասին արձանագրումը։ Այնտեղ գրված է Հայաստան Հանրապետություն՝ 29 հազար 800, ադրբեջանական հանրապետություն՝ 86 հազար 600», - նշեց նա։

Հաջորդ սկզբունքը, ըստ Փաշինյանի, դելիմիտացիայի իրականացումն է՝ Ալմա-Աթիի հռչակագրի հիման վրա, այս դեպքում էլ հիմք են ընդունում Խորհրդային Միության սահմանները. - «Դա նշանակում է ելնել այն իրողությունից, որ Խորհրդային Միության ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները դարձել են պետական սահմաններ, և որոնց անխախտելիությունը կողմերը ճանաչել են և ճանաչում են Ալմա-Աթիի հռչակագրով։ Իհարկե, դելիմիտիացիայի գործընթացքում առանցքային նշանակություն ունի նաև այդ՝ Ալմա-Աթիի հռչակագրի ստորագրման ընդունման պահի դրությամբ առկա իրադրությունը արձանագրող քարտեզների առկայությունը։ Կողմերի տիրապետության տակ կան քարտեզներ, որոնք արտահայտում են այդ իրողությունները, և հետևաբար կողմերի քաղաքական կամքի առկայության դեպքում այս գործընթացով նույնպես բավականին արագ և արդյունավետ կարելի է առաջ գնալ»։

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնեցված 3 -րդ սկզբունքի համաձայն՝ բացվում են տարաշրջանային կոմունիկացիաները՝ կողմերի ինքնիշխանության իրավազորության հիման վրա։

«Կողմերից յուրաքանչյուրը իր տարածքում, իր սահմանին ապահովում է սահմանային մաքսային հսկողություն, և բացի այդ, կողմերից յուրաքանչյուրը իր տարածքում ապահովում է ընդհանուր առմամբ կոմունիկացիաների անվտանգությունը։ Խոսքը վերաբերում է ճանապարհներին, ավտոճանապարհներին, երկաթուղիներին», - նշեց վարչապետը։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կազմում ստեղծվում է հատուկ ստորաբաժանում, որը պետք է ապահովի հենց այդ կոմունիկացիաների անվտանգությունը։ Եթե Ադրեբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են, ինչո՞ւ այդ դեպքում անձամբ Իլհամ Ալիևը հրապարակային չի ճանաչում Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը, արդյո՞ք Բաքուն համաձայնել է հենց 1975 թվականի քարտեզներով իրականացնել դելիմիտացիա, և վերջապես եթե հիմնական 3 սկզբունքների շուրջ կողմերը համաձայնության են եկել, ինչպես Փաշինյանն է պնդում, ապա ինչո՞ւ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում։

Նախքան Արցախի անկումը կողմերի միջև չհամաձայնեցված կետերի մեջ էր նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի ստեղծման հարցը։ Արդյո՞ք արցախահայերի տեղահանումից հետո այս կետը խաղաղության պայմանագրի քննարկումներից դուրս է մնացել։ Այս հարցերի պատասխանները վարչապետ Փաշինյանը չտվեց։

Ադրբեջանը խաղաղության պայմանագրի 3 սկզբունքներին ձևական համաձայնություն է տվել. Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ

Փոխարենը խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը փակագծեր բացեց՝ խաղաղության պայմանագրի այդ 3 հիմնական սկզբունքների շուրջ ձևական համաձայնություն կա, այսինքն, ըստ իշխանական պատգամավորի՝ այդ սկզբունքները մեկ անգամ համաձայնեցվել են, բայց երբ արդեն բանակցային գործընթացում դրանք պետք է հաստատվեն համապատասխան ստորագրություններով և երաշխավորների միջոցով, դա տեղի չի ունենում։

«Գոնե ձևական համաձայնություն կա, բայց մենք ուզում ենք համոզվել, որ այդ համաձայնությունն Ադրբեջանի կողմից ոչ թե ձևական է, այլ հենց բովանդակային համաձայնություն է և իրական է, որովհետև արդեն երկրորդ հանդիպումը տեղի չի ունենում՝ այց հարցերով խորացնելով, և ավելի բազմակողմանի քննարկելու համար։ Ձևական այն առումով, որ միջազգային հանրության մոտ կարող են ասել՝ այո, շատ լավ սկզբունքներ են, մենք համաձայն ենք, իհարկե, որովհետև այլ ասելու բանն էլ շատ դժվար է լինում, չեն կարող ասել, բայց իրականում գործնական քայլեր չանեն, որ այդ սկզբունքները կյանքի կոչեն», -նշեց նա։

«Ազատության» հարցին, թե քարտեզների շուրջ էլ կա՞ համաձայնություն, նա պատասխանեց. - «Չէ, դե ընդունված է, որ 1975թ. քարտեզով պետք լինի։ Ադրբեջանի այդ սկզբունքներին եթե համաձայնել է, այո, ձևական համաձայնությունն ունի, բայց չես կարող ասել, թե Ադրբեջանն ինչ գորշնական քայլեր կձեռնարկի, որ այդ համաձայնությունները կյանքի կոչվեն, այս պահի դրությամբ ինչ-որ հապաղումներ ենք տեսնում, ինչը լավ չէ»։

Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի համոզմամբ՝ Ալիևը այժմ խուսափում է Փաշինյանի հետ հերթական հանդիպումից։ Նախ հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահը հրաժարվեց Գրանադայի բանակցություններին մեկնել, իսկ օրերս էլ պարզ դարձավ, որ չի կայանա նաև այս ամսվա վերջին Բրյուսելում նախատեսված Փաշինյան- Ալիև հանդիպումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG