ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմն երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի հետ։
Երկու երկրների արտգործնախարարների հետ ԱՄՆ պաշտոնյան քննարկել է տարածաշրջանային հարցեր։
Ըստ հայկական կողմի՝ Միրզոյանը Քիմին է ներկայացրել իրավիճակը տարածաշրջանում, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է 2020թ.նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումների համաձայն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ ԼՂ անխափան մուտքի և մարդասիրական գործունեության ապահովման կարևորությունը։
Շեշտելով Ադրբեջանի կողմից այս ընթացքում իրականացվող ապակառուցողական վարքագիծը, իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունների և միջազգային հանրության հստակ կոչերի անարգանքը, ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու համակարգային քաղաքականությունը՝ Միրզոյանն ընդգծել է Ստեփանակերտի և Բաքվի միջև իրավունքների և անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումների համար միջազգային գործուն մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը։
«Միջամտությունը մեր երկրի ներքին գործերին անընդունելի է»
Բաքուն իր հերթին նշում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Բայրամովն ու Քիմը քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը, տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Բայրամովը «հանգամանորեն տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ Ադրբեջանի դեմ Հայաստանի աճող ռազմաքաղաքական սադրանքների և իրավիճակը խեղաթյուրող մանիպուլյացիաների ֆոնին այս երկրի քարոզչությունն ուղղված է միջազգային հանրությանը մոլորեցնելուն, և այն չի արտացոլում իրողությունները»։
«Միջամտությունը մեր երկրի ներքին գործերին, այդ թվում՝ Ղարաբաղում ապրող հայերին վերաինտեգրելու ջանքերին՝ իբր «բարդ հումանիտար իրավիճակի» և տարածաշրջանում «շրջափակման» առկայության մասին անհիմն պնդումների պատրվակով, անընդունելի է»,- ասել է Բայրամովը:
«Կոչ ենք անում անմիջապես և միաժամանակ բացել Լաչինի և մյուս ճանապարհները». Քիմ
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը հեռախոսազրույցների մասին գրառումներ է կատարել X (նախկին Twitter) սոցիալական ցանցում:
«Այսօր խոսեցի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շուրջ մեր լուրջ մտահոգությունների մասին: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին այժմ աշխատել միասին՝ անմիջապես և միաժամանակ բացելու Լաչինի և մյուս ճանապարհները՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելու ծայրաստիճան անհրաժեշտ մարդասիրական մատակարարումները», - գրել է Քիմը:
«Կառուցողական զրույց այսօր Ադրբեջանի [արտգործնախարար] Ջեյհուն Բայրամովի հետ՝ Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մատակարարումներ հասցնելու համար Լաչինի և մյուս ճանապարհներն անմիջապես ու միաժամանակ բացելու ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ: Ճանապարհների բացումը և ուղիղ բանակցություններն առանցքային են մնացյալ խնդիրները լուծելու համար: Ողջունում ենք երեք ուսանողների ազատ արձակումը», - ասված է Քիմի մյուս գրառման մեջ:
Ադրբեջանն արդեն 8 ամիս է փակել է Լաչինի միջանցքը։ Բաքուն, որ շարունակ հայտարարում է, թե Լաչինի միջանցքը փակ չէ, հունիսի 15-ից այդտեղ անցակետ է տեղադրել, արգելափակել է դեպի Արցախ հումանիտար բեռների մուտքը՝ ո՛չ դեղորայք, ո՛չ սնունդ, ո՛չ վառելիք չի մտնում Լեռնային Ղարաբաղ։