Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին այսօր տեղեկացնում է Պետդեպարտամենտը՝ նշելով, որ զրույցը կայացել է սեպտեմբերի 1-ին։
«Պետքարտուղար Բլինքենը մեկ անգամ ևս կոչ է արել ադրբեջանական կողմին վերաբացել Լաչինի միջանցքը՝ մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար, միաժամանակ ընդունելով Ադրբեջանից լրացուցիչ երթուղիների կարևորությունը», - նշված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։
Ալիևի հետ զրույցում Բլինքենն ընդգծել է նաև կողմերի միջև երկխոսության և փոխզիջման անհրաժեշտությունն ու փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորման կարևորությունը։