Մատչելիության հղումներ

Բեգլարյանի և Թանկյանի հետ BBC-ի հարցազրույցը Բաքվում աղմուկ է բարձրացրել


Միացյալ Թագավորություն - BBC-ի լոգոն Լոնդոնում ընկերության կենտրոնակայանում, արխիվ
Միացյալ Թագավորություն - BBC-ի լոգոն Լոնդոնում ընկերության կենտրոնակայանում, արխիվ

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի և ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանկյանի հետ BBC-ի հարցազրույցը Բաքվում մեծ աղմուկ է բարձրացրել։ Հնչում են կոչեր անգամ BBC-ի և այլ լրատվամիջոցների գործունեության դադարեցման հարցը քննարկելու վերաբերյալ, որոնք, ըստ Բաքվի պնդումների, «աջակցում են անջատողականությանը»։

Նման կարծիք է արտահայտել մասնավորապես Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Բահրուզ Մահարամովը, ըստ APA գործակալության՝ ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, որ այնպիսի մեդիա հսկաներ, ինչպիսին են BBC-ն, «Ազատություն» ռադիոկայանը և The Washington Post-ը, Արևմուտքի կողմից օգտագործվում են «մարդու իրավունքների քողի տակ կազմակերպված խաչակրաց արշավանքներում»:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի խոսնակ Հիքմեթ Հաջիևն էր թվիթերյան գրառմամբ անդրադարձել BBC-ի հարցազրույցին, գրելով, թե «BBC-ն զբաղվում է միակողմանի և կողմնակալ, ագրեսիվ շահարկումներով, ստի տարածմամբ»:

BBC-ի Context հաղորդման ընթացքում Արտակ Բեգլարյանն ու Սերժ Թանկյանը պատմել են Լաչինի միջանցքի արգելափակման, Ալիևի վարչակազմի գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին։

Սերժ Թանկյան, արխիվ
Սերժ Թանկյան, արխիվ

Ինչո՞ւ Ղարաբաղի վիճակի մասին Հայաստանից դուրս շատ մարդ չգիտի, հարց է ուղղել BBC-ի հաղորդավարը: Թանկյանը հայտարարել է, որ պատճառներից մեկը Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությունն է», շատ եվրոպացի պատգամավորներ են բռնվել ադրբեջանական փողերը գրպանում: Բացի այդ, երաժիշտը մատնանշել է էներգակիրների դերը, ռուսական նավթը ադրբեջանական փաթեթավորմամբ և խողովակներով է այժմ Եվրոպա հասնում, շեշտել է նա՝ քննադատելով միջազգային հանրությանը Բաքվի գործողություններին պատշաճ գնահատական չտալու, համարժեք գործողություններ չձեռնարկելու համար։

Թանկյանը հիշեցրել է, որ միջազգային դատարաններն իրենց որոշումներով, իրավապաշտպան կազմակրպություններն ու տարբեր երկրներ իրենց հայտարություններով կոչ են արել Ադրբեջանին բացել միջանցքը, սակայն Բաքուն դրանց ուշադրություն չի դարձնում:

«Արդյոք մենք գործելո՞ւ ենք, թե՞ թույլատրելու ենք այժմ 21 -րդ դարում հայերի դեմ ևս մեկ ցեղասպանություն իրականացվի», - BBC-ի եթերում հարց է բարձրացրել Սերժ Թանկյանը:

Ամերիկահայ երաժիշտը նաև Մեծ Բրիտանիային է մեղադրել Բաքվի հետ ունեցած կապերի պատճառով լռելու համար, կոչ է արել այդ երկրին օգտագործել իր ազդեցությունը Բաքվի վրա՝ կանխելու ցեղասպանությունը, նաև նշել է, որ Ադրբեջանը բռնապետություն է և հաշվի չի նստում միջազգային հանրության կարծիքի հետ։

Արտակ Բեգլարյան, արխիվ
Արտակ Բեգլարյան, արխիվ

Արտակ Բեգլարյանը BBC-ի եթերում հայտնվել է Արցախի դատարկ դարակներով խանութի ֆոնին, նշելով, որ ուկրաինական պատերազմի պայմաններում միջազգային ուշադրությունն այդ կողմն է, իսկ Ռուսաստանի և Արևմուտքի առճակատումը դժվարացնում է ջանքերը Արցախի հարցում:

Քանի որ Թուրքիան և Ադրբեջանը ազդեցիկ կապեր ունեն թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ, երկու կողմն էլ գործնական քայլեր չեն ձեռնարկում Արցախում ցեղասպանությունը կանխելու հարցում, նշել է Բեգլարյանը՝ շեշտելով, որ Արցախը լիակատար պաշարման մեջ է, և ոչ մի միջազգային կամ մարդասիրևական կազմակերպություն հնարավորություն չունի մուտք գործել ադրբեջանական շրջափակումից ներս:

BBC-ի եթերում հեռարձակված այս հաղորդումից հետո, խոսքի ազատության առումով աշխարհի ետնապահներից համարվող Ադրբեջանում BBC-ի գործունեությունը քննադատել է նաև «Ադրբեջանի մամուլի խորհուրդ» կազմակերպությունը՝ պահանջելով լրատվական ընկերությունից ներողություն խնդրել, հակառակ դեպքում կազմակերպությունը կոչ է արել դադարեցնել BBC-ի գործունեությունն Ադրբեջանում։

XS
SM
MD
LG