Մատչելիության հղումներ

Ադրբեջանն ապակայունացնում է իրավիճակը, միջազգային հանրությունը պետք է դատապարտի. Միրզոյանը՝ Բերբոքին


Սեպտեմբերի 1-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործելաոճի հերթական դրսևորումն էր: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Գերմանիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Անալենա Բերբոքի հետ հեռախոսազրույցում:

Միրզոյանը հավելել է, որ Ադրբեջանն իր քայլերով ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, որը պետք է դատապարտելի լինի միջազգային հանրության կողմից:

Երկուստեք ընդգծվել է դրան զուգահեռ Լեռնային Ղարաբաղում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամի՝ ԼՂ բնակչության, հատկապես խոցելի խմբերի համար հետևանքները և ճգնաժամի հաղթահարման հրատապությունը, ասված է ՀՀ ԱԳՆ լրատվական վարչության հաղորդագրությունում:

Արարատ Միրզոյանը վերահաստատել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հարցում Հայաստանի դիրքորոշումը և ընդգծել այդ ուղղությամբ միջազգային դերակատարների, այդ թվում՝ Եվրամիության կողմից հստակ քայլեր կատարելու անհրաժեշտությունը:

Բարձր գնահատելով գործընկերների կողմից մինչ օրս արված հասցեական ուղերձները՝ Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ դրանք բավարար չեն տեղում դրական փոփոխություն արձանագրելու, Լեռնային Ղարաբաղի փաստացի շրջափակումը վերացնելու և Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու համար:

XS
SM
MD
LG