Մատչելիության հղումներ

Ինչպե՞ս ադրբեջանցիներին հաջողվեց մեքենայով մոտենալ Կապանի օդակայանին. ԱԱԾ-ն դեռ չի մեկնաբանում


Կապանի օդանավակայան
Կապանի օդանավակայան

Կապանի «Սյունիք» օդակայանի վրա ադրբեջանական կողմի կրակոցներից շուրջ 5 օր անց Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) այդպես էլ չի պարզաբանում՝ ի վերջո ինչպես էր ադրբեջանցիներին հաջողվել ավտոմեքենայով մոտենալ օդակայանի հարակից տարածքին, կրակել շենքի վրա, վնասել պատուհանն ու տանիքը և հեռանալ։

ԱԱԾ-ն օգոստոսի 18-ն միայն նշել էր, թե անհայտ անձը չպարզաբանված մեքենայով է եղել։ Պարզ չէր՝ այդ անձը հատել էր սահմանը, թե՝ ոչ, պարզվե՞լ է կրակոցներ արձակած անձի ինքնությունը, արդյո՞ք Ադրբեջանը արձագանքել է համատեղ քննություն անցկացնելու կամ տեսանյութեր փոխանցելու Հայաստանի ԱԱԾ -ի առաջարկին։ Այս հարցերի պատասխանները Ազգային անվտանգության ծառայությունից ստանալ դեռ չի հաջողվել։ Ընդ որում, ԱԱԾ-ն պաշտոնապես տեղեկացրել էր միայն օգոստոսի 18-ին տեղի ունեցած ադրբեջանական կրակոցների մասին, օգոստոսի 19-ի միջադեպի մասին առայսօր ոչինչ չի հաղորդվել։

Անցած հինգշաբթի առաջինն օդանավով Երևանից Կապան մեկնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ազդարարելով կանոնավոր չվերթների մասին։ Ուղիղ մեկ օր անց սկսվեցին ադրբեջանական կրակոցները։

Անցած ուրբաթ օդակայանի պատուհանն ու տանիքը վնասելուց հետո ադրբեջանական կողմը օդակայանի ուղղությամբ կրակեց նաև շաբաթ օրը, ընդ որում Հայաստանի պաշտոնյաների վայրէջքից րոպեներ առաջ։ Այս միջադեպերին Հայաստանի իշխանությունն առայժմ ամենաբարձր մակարդակով չի արձագանքել։

Ներպետական թռիչքներին այլ երկրի միջամտությունը անընդունելի է. Փաշինյանի մամուլի խոսնակ

Մինչդեռ Բաքվից շարունակում են սպառնալիքները Կապանի օդակայանի շահագործման հետ կապված։ Ադրբեջանի Մեջլիսի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահը զգուշացրել էր, թե Ադրբեջանը թույլ չի տա իր անվտանգությանը սպառնացող Կապանի օդակայանի շահագործումը։ Պատգամավորը պնդել էր, թե «անհնար է Կապանի օդակայանում թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել առանց հատելու Ադրբեջանի օդային տարածքը», հետևաբար Հայաստանը պետք է համաձայնեցնի իր թռիչքները Ադրբեջանի հետ, հակառակ դեպքում Բաքուն թույլ չի տա դրա շահագործումը։

Հիքմեթ Բաբաօղլուն նաև պնդել էր, թե «Հայաստանը այդ օդակայանով զենք է տեղափոխելու» և այն վերածելու է ռազմական օդակայանի։

Մեջլիսի մեկ այլ պատգամավոր՝ Ազեր Բադամովն էլ «մեռած նախագիծ» էր որակել օդակայանի շահագործումը, զգուշացնելով՝ եթե այն սպառնա իրենց երկրի անվտանգությանը, ապա «այդ սպառնալիքը կչեզոքացվի»։

«Մեր սահամանապահները կարող են անզեն աչքով հետևել, թե ինչ է կատարվում օդակայանում։ Սա հաշվի առնելով՝ կարող եմ ասել , որ Կապանի օդակայանը, որը Փաշինյանը հանդիսավոր բացեց, դատապարտված է վերածվել թանգարանային նմուշի»։

Բաքվից հնչած այս զգուշացումներին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը կարճ է արձագանքում. - «Այդ թռիչքները ներպետական նշանակություն ունեն, և այս պարագայում, կարծում եմ, որ 3-րդ երկրի միջամտությունը մեր ներպետական գործերին անընդունելի է»։

Չնայած ադրբեջանական կողմը պնդում է, թե Կապանի օդակայանում թռիքչների և վայրէջքների ժամանակ հնարավոր չէ չհատել Ադրբեջանի օդային տարածքը, Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն հակադարձում է՝ 2020 թվականին, երբ վերաբացվեց Կապանի «Սյունիք» օդանավակայանը, ներդրվել են ժամանակակից նոր օդային սխեմաներ՝ համաձայն որոնց մոտեցումները, վերթիռներն ու վայրէջքները իրականացվում են բացառապես Հայաստանի օդային տարածքով:

Կապան- Երևան ինքնաթիռի տոմսերը սպառվել են

Երևան-Կապան- Երևան թռիչքները «Նովէըր» ընկերությունն իրականացնում է շաբաթական 2 անգամ։ Անցած երկուշաբթի Երևանից Կապան էր մեկնել 2 ուղևոր, այդքան մարդ էլ՝ վերադարձել։ Չնայած անվտանգության հետ կապված խնդիրներին, ավիատոմսերի վաճառքով զբաղվող «Ատլանտիս» ընկերությունից փոխանցեցին, որ առաջիկա ուրբաթ օրվա համար Կապանից Երևան թռիչքի տոմսերը արդեն սպառվել են.- «Ասեմ ավելին՝ ուրբաթ օրվա գալու վրա տեղեր չկան, վաճառք է բոլորը»։

Արդյոք Հայաստանի կառավարությունը պատրաստվում է ադրբեջանական կրակոցների, անվտանգության ապահովման ու պատճառված վնասի հարցով դիմել Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը՝ ԻԿԱՕ-ին։ Տարածքային կառավարման նախարարությունից «Ազատության» գրավոր հարցմանը դեռ չեն պատասխանել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG