Օգոստոսի 19-ին, Կապան քաղաքի օրվա կապակցությամբ, «ՆովԷյր» ավիաընկերության L-410 տիպի քաղաքացիական օդանավով իրականացվելու է ուղևորափոխադրում Երևան-Կապան-Երևան երթուղով, հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:
Տարածած հաղորդագրության Քաղավիացիայի կոմիտեն ընդգծում է, որ 2020 թվականին Կապանի «Սյունիք» օդանավակայանի վերաբացումից հետո ներդրվել են ժամանակակից նոր օդային սխեմաներ՝ համաձայն որի թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են բացառապես Հայաստանի օդային տարածքով:
«Համաձայն Միջազգային քաղաքացիական ավիացիայի կոնվենցիայի՝ յուրաքանչյուր ինքնիշխան պետություն ինքնուրույն է տնօրինում իր օդային տարածքը և տվյալ պետության տարածքում իրականացված թռիչքները չեն համաձայնեցվում հարևան երկրների հետ: Այն թռիչքների մասին տեղեկատվությունը, որոնք իրականացվում են 2 պետությունների սահմանագծին, տրամադրվում է հարևան պետությանն ի գիտություն, ինչն էլ Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները մինչ այժմ արել են: Հայաստանի Հանրապետությունը գործում է ինքնիշխանության հայեցակարգին և քաղաքացիական ավիացիայի ոլորտի միջազգային օրենքներին համապատասխան, որոնցով քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանն (ICAO) անդամակցող յուրաքանչյուր պետություն պարտավորվում է խստագույնս ղեկավարվել», - նշված է հաղորդագրությունում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կապան թռիչքից, օդանավակայանում շրջայցից ու կանոնավոր թռիչքներ սկսելու հայտարարությունից ընդամենը ժամեր անց ադրբեջանական կողմից անհայտ անձը ավտոմեքենայով եկել է օդակայանի հարակից տարածք, երեք կրակոց է արձակել ու հեռացել, փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։