Թե այսօր Երևանից քանի ուղևոր է մեկնել Կապան, ապա` վերադարձել, ավիատոմսերի վաճառքով զբաղվող «Ատլանտիս» ընեկրությունից հրաժարվեցին ասել։ Սյունիքի մարզպետարանում նույնպես տվյալներ չունեին, սակայն ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ուղևորների մեջ են եղել նաև Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը։ Մինչդեռ Քաղավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը «Ազատությանը» փոխանցեց, որ այսօր ինքնաթիռով Երևանից Կապան է մեկնել երկու ուղևոր, նույնքան մարդ էլ վերադարձել է Կապանից Երևան։
Ավիատոմսի արժեքը միայն Երևան- Կապան ուղղության համար 20 հազար դրամ է, նույնքան էլ կարժենա ետադարձ թռիչքը, այսինքն՝ 40 հազար դրամ։
Կրակոցներ «Սյունիք» օդակայանի ուղղությամբ. որքանո՞վ են անվտանգ թռիչքները
«Աշխատակիցներից եղել է՝ ասել են, որ ձայն են լսել կրակոցների, վայրէջքից մի քանի րոպե անց», - նշեց Բալյանը:
Չպետք է վախի մթնոլորտում ապրենք և պետք է մեր տարածքում իրականացնենք կանոնավոր չվերթներ. Սյունիքի մարզպետի խորհրդական
Չնայած այս իրավիճակին, Սյունիքի մարզպետի խորհրդականի համոզմամբ, չպետք է տրվել ադրբեջանական սադրանքներին և պետք է օգտվել Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ չվերթներից, ինչը շատ կարևոր է Սյունիքի մարզի զարգացման համար.
«Ազատություն». - Երաշխավորվա՞ծ է քաղաքացիների անվտանգությունը, ովքեր օգտվում են այդ չվերթից կամ ուզում են օգտվել:
Կարեն Բալյան. - Երաշխավորվածը մի քիչ հարաբերական է ասել, բայց այստեղ կա սադրանք, և Դուք գիտեք, որ Ադրբեջանը փորձում է սադրել թռիչքների առումով, մենք պետք է չտրվենք այդ սադրանքներին և պետք է իրականացնենք այդ կանոնավոր չվերթները, ինչը շատ կարևոր է Սյունիքի մարզի համար:
«Ազատություն». - Բայց մարդիկ նաև պետք է իմանան, որ չեն տուժելու, չէ՞:
Բալյան. - Ես չեմ կարծում, որ պետք է վախի մթնոլորտում ապրենք: Անկախ ամեն ինչից՝ մենք մեր տարածքում իրականացնում ենք կանոնավոր չվերթներ, և պետք է բոլորս, գիտակցելով այդ կարևորությունը, ուղղակի չտրվենք սադրանքների և օգտվենք կանոնավոր չվերթներից:
«Ազատություն». - Դուք Ձեր ընտանիքի անդամներով կօգտվե՞ք:
Բալյան. - Այո, իհարկե, ես նույնպես պատրաստվում եմ, երկուշաբթի ես պետք է թռնեմ այդ չվերթով:
2020 -ի 44 օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզի մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Կապան քաղաքը դարձան սահմանամերձ։ Կապանի օդակայանը ադրբեջանական դիրքերից մի քանի տասնյակ մետրի վրա է, այսինքն՝ ցանկացած պահի կարող է լինել հակառակորդի թիրախում։ Կանոնավոր թռիչքներ իրականացնելու որոշումից առաջ հաշվարկել է արդյո՞ք իշխանությունը այս ռիսկերը՝ պարզ չէ։
Երևան- Կապան և Կապան Երևան թռիչքների մասին հայկական կողմը իբրև ի գիտություն տեղյակ է պահում Ադրբեջանին
Քաղավիացիայի կոմիտեն հիշեցնում է, որ դեռ խորհրդային ժամանակներից Յակ-40 ինքնաթիռներով Կապանի օդանավակայան օրական 10-ից ավելի չվերթ է իրականացվել։ Այն ժամանակ թռիչքների մոտեցման և վայրէջքի սխեմաները մասամբ անցել են Խորհրդային Ադրբեջանի օդային տարածքով։ Սակայն, երբ 2020 -ին վերաբացվեց Կապանի «Սյունիք» օդանավակայանը, ներդրվեցին ժամանակակից նոր օդային սխեմաներ, համաձայն որի մոտեցումները, վերթիռներն ու վայրէջքները իրականացվում են բացառապես Հայաստանի օդային տարածքով:
Կոմիտեն նշում է, որ Միջազգային քաղաքացիական ավիացիայի կոնվենցիայի համաձայն՝ յուրաքանչյուր ինքնիշխան պետություն ինքնուրույն է տնօրինում իր օդային տարածքը, և այդ պետության տարածքում իրականացված թռիչքները չեն համաձայնեցվում հարևան երկրների հետ: Սակայն, երկու պետությունների սահմանագծին իրականացվող թռիչքների դեպքում տրամադրվում է տեղեկություն հարևան պետությանն ի գիտություն, ինչն էլ Հայաստանի ավիացիոն իշխանությունները մինչև այժմ արել են։ Այսինքն՝ Երևան- Կապան-Երևան թռիքչիների մասին հայկական կողմը Ադրբեջանին տեղեկություն տրամադրում է, «Ազատությանը» հետ զրույցում հստակեցրեց Քաղավիացայի կոմիետի նախագահի օգնականը։
Արդյո՞ք քաղաքացիական օդակայանի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների և գույքային վնասներ պատճառելու հարցով Հայաստանի կառավարությունը դիմելու է Քաղավիացաիայի միջազգային կազմակերպությանը, Տարածքային կառավարման նախարարությունից չպատասխանեցին՝ խնդրելով գրավոր հարցը ուղարկել։