Օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24 ադրբեջանական կողմից, դեռևս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել օդանավակայանի ուղղությամբ և հեռացել, հաղորդում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։
«Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով և միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար։ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են համատեղ քննության և/կամ ադրբեջանական կողմին փոխանցել համապատասխան տեսանյութեր», - ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:
Նախօրեին Երևան-Կապան ավիաչվերթով Սյունիք էր այցելել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախատեսվում է, որ վաղը` Կապանի օրվա առիթով կլինի Երևան-Կապան ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթվանից նախատեսվում են կանոնավոր չվերթներ: