Մատչելիության հղումներ

Կապանի օդանավակայանը կվերականգնվի՞


Կապանի համայնապատկեր
Կապանի համայնապատկեր

Հունվարի 23-ին Հայաստանի նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Քաջարանում ընտրողների հետ հանդիպմանն ասել է, որ Կապանի օդանավակայանի վերականգնման հարցը քննարկման փուլում է:

ՀՀ Քաղավիացիայի վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ իսկապես զբաղվում են Կապանի օդանավակայանի վերագործարկման ծրագրով, բայց ակտիվ աշխատանքային փուլ են մտել նախագահի այցից հետո:

«Արդեն ունենք ծրագիր, որովհետեւ նախագահի այցից հետո մեր վարչության աշխատանքային խումբը մեկնել է Կապան եւ ուսումնասիրել է օդանավակայանի վերագործարկման հնարավորությունը», - ասաց Քաղավիացիայի գլխավոր վարչության օդային երթեւեկության կազմակերպման վարչության պետի տեղակալ Դավիթ Սարուխանյանը:

Խորհրդային միության տարիներին Հայաստանում գործած 16 օդանավակայններից 3-ն այսօր գործում են՝ «Զվարթնոց»-ը, «Շիրակ»-ը եւ Պաշտպանության նախարարության կազմում գտնվող «Էրեբունի»-ն: Մյուս 13 օդանավակայաններից Կապանի օդանավակայանը համեմատաբար լավ վիճակում է գտնվում, ինչն էլ դարձել է հենց այս օդանավակայանը վերագործարկելու ծրագիր մշակելու պատճառը:

«Բացի այդ պետք է հաշվի առնել, որ հիմա Կապանը արդյունաբերական գոտի է համարվում. այնտեղ ոչ միայն Կապանն է, նաեւ Քաջարանն է եւ [օդանավակայանի] պահանջարկը կլինի: Դրան կարելի է ավելացնել հարեւան քաղաքների՝ Մեղրիի, Ագարակի, Գորիսի բնակչությունը, որոնց ավելի հարմար կլինի Մեղրիից գալ Կապանից օդանավով թռիչք կատարեն, քան ավտոմեքենայով գալ Երեւան», - նշեց Դավիթ Սարուխանյանը:

Ժամանակին Սյունքիում գործել է 4 օդանավակայան: Ըստ Սարուխանյանի՝ պատճառն այն է, որ խորհրդային տարիներին ոչ ճանապարկները այսօրվա մայրուղիների որակն ունեին, ոչ էլ ավտոմեքենաները, հետեւաբար փոքր Հայաստանում փոքր ավիացիան պահանջված էր: Իսկ այսօրվա պահանջարկի վերաբերյալ հետազոտություն չկա:

Հայտնի չէ նաեւ, թե Կապանի օդանավակայանում թռիչքներ իրագործելու համար նվազագույն պահանջներն ապահովելու համար մոտավոր հաշվարկներով անհրաժեշտ մոտ մեկ միլիոն դոլարը ով կարող է ներդնել: Մամուլում շրջանառվում է Սյունիքի երկու հանքաարդյունաբերական ընկերությունների անունները՝ որպես հավանական ներդրողներ:

Օդանավակայանում քիչ թե շատ պահպանվել է վազքուղին, ինչը նորից կառուցելը ահռելի գումարներ կպահանջեր, պահպանվել է նաեւ օդանավերի կառամատույցը, չկա, սակայն, սպասարկող շենք:

Քաղավիացիայի վարչությանը հայտնի չէ նաեւ, թե ինչ ավիաուղիներ կարող են այնտեղից Երեւան թռիչքներ կազմակերպել, քանի որ փոքր օդանավեր Հայաստանում չկան, բայց այս հարցը համարում են արագ լուծվող:

Թե ինչ ընթացք կստանա Կապանի օդանավակայանի վերագործարկումը, արդեն կախված է Կառավարությունից, Քաղավիացիայի գլխավոր վարչությունը կազմել է նախնական ծրագիր եւ ուղարկել Կառավարություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG