Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր օպերատիվ կենտրոն է բացել Կապանում։ Սա նախատեսված վեց կենտրոններից չորրորդն է։
Սյունիքում՝ Գորիսում, գործող գրասենյակին ավելանում է Կապանի նորաբաց հաբը։
ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկոս Ռիտերը ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստվում է նոր երեք լրացուցիչ դաշտային գրասենյակ բացել Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում։ Այս պահին նման կենտրոններ առկա են Մարտունիում, Ջերմուկում և Գորիսում։
Հունվարի վերջին Եվրամիությունը հավանություն է տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Եվրամիության 100 դիտորդները Հայաստան ժամանեցին փետրվարի վերջից։ Առաքելության մանդատը երկու տարի է, օպերատիվ շտաբը Հայաստանում է։ Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվում է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց են տվել իրենց բացասական դիրքորոշումը տվյալ հարցում: