Մատչելիության հղումներ

Դատարանն այսօր սկսեց քննել Արմեն Աշոտյանի կալանքը երկարացնելու քննչականի միջնորդությունը


Հակակոռուպցիոն դատարանն այսօր սկսեց քննել ընդդիմադիր Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը երկարացնելու՝ քննչականի միջնորդությունը։

Աշոտյանն անազատության մեջ է արդեն երկու ամիս։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը նիստի ավարտին փոխանցեց, որ քննիչը դատարանին է ներկայացրել 23-ժամանոց ձայնագրություններ, որ Աշոտյանը ծանոթանա դրանց։ Դրանք այն ձայնագրություններն են, որոնց պատճառով դեռ երկու ամիս առաջ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ ազատության մեջ Աշոտյանը փորձել է խոչընդոտել գործի քննությանը, նրա կուսակից Կարեն Ավագյանը փորձել է գործով անցնող անձանց համոզել, որ նրանց պաշտպանի իրենց փաստաբանը, որպեսզի Աշոտյանը կարողանա վերահսկել քննությունն իր իսկ օգտին։

«9 ձայնասկավառակ, այսինքն՝ ներքին դիտում, արտաքին դիտում, որոնց մի մասը Քննչական կոմիտեն տարածել էր, որոնց ընդհանուր տևողությունը 23 ժամ է, բնականաբար, հիմա պետք է քննիչն ապահովի, որ պարոն Աշոտյանը էդ ամեն ինչին քրեակատարողական հիմնարկի պայմաններում ծանոթանալու հնարավորություն ունենա», - ասաց Աթանեսյանը։

Տիգրան Աթանեսյան
Տիգրան Աթանեսյան

Քննչական կոմիտեն Աշոտյանին մեղադրանք էր առաջադրել դեռ 9 ամիս առաջ։

Նախկին իշխանության առանցքային ներկայացուցիչը մեղադրվում է կրթության նախարար լինելու տարիներին փողերի լվացումը, վստահված գույքը հափշտակելը, պաշտոնական լիազորություններն անցնելը կազմակերպելու համար։ Աշոտյանը մեղքը չի ընդունում։ Ավելին՝ նրա կուսակիցներն ու համախոհները նրան քաղաքական բանտարկյալ են համարում և պնդում՝ իշխանությունն Աշոտյանին հետապնդում է Արցախի հարցով վարչապետին կոշտ քննադատելու համար։

Այսօր էլ դատարանի բակում հավաքված նրա համախոհները նույն միտքն էին հնչեցնում։

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը կրկին հայտարարեց՝ իրենց ոչ մեկը չի կարող վախեցնել:

«Հանրապետականը պայքարել է դեռևս խորհրդային բռնապետության տարիներին՝ Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը, Ռազմիկ Զոհրաբյանը», - հայտարարեց Շարմազանովը։

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության հանրապետական պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ հավելեց՝ Արցախի հարցով մտահոգ իրենց ընկերն անգամ բանտում չի լռում, այլ շարունակում է քննադատել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Արցախի հարցով ի նպաստ Ադրբեջանի գործողություններ անելու համար։

«Ակնհայտ է, որ Արմենին որևէ մեկը լռեցնել չի կարող, Արմենն իր ասելիքն ասել է և ասելու է, Արմենի ձայնն այսօր շատ ավելի լսելի է, քան եղել է մինչև նրա անազատության մեջ գտնվելը։ Արմեն Աշոտյանի այսօրվա ելույթները շատ ավելի մարդ է կարդում, նրան շատ ավելի մարդ է լսում, քան դա եղել է մինչև նրա ազատազրկման վայրում գտնվելը», - ասաց Աբրահամյանը։

Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան

48-ամյա Աշոտյանին այսօր սատարելու էր եկել ժամանակին հանրապետականի կոշտ քննադատ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը 2013 թվականի նախագահական ընտրություններում պարտվել էր Սերժ Սարգսյանին, ինչից հետո հանրահավաքներ նախաձեռնել Սարգսյանի հրաժարականի պահանջով։

Այսօր, սակայն, իրավիճակ է փոխվել՝ հայտարարեց Հովհաննիսյանն ու կրկնեց Սերժ Սարգսյանի թիմակիցների տեսակետը՝ Աշոտյանը քաղբանտարկյալ է:

«Այո՛, պարոն Աշոտյանը եղել է իշխանավոր, այո՛, իր իշխանության օրոք եղել են քաղաքական բանտարկյալներ, ինչպես իրենից առաջ, բայց, ցավոք սրտի նաև՝ ինքը։ Կյանքը շրջան է և հիմա ինքը, որպես իմ ընդդիմադիր գործընկեր, նաև դարձել է քաղաքական բանտարկյալ և օրենքը կիրառվել է ընտրովի», - ասաց Հովհաննիսյանը։

Րաֆֆի Հովհաննիսյան
Րաֆֆի Հովհաննիսյան

Աշոտյանի քաղբանտարկյալ լինելու մասին պնդումներին՝ իշխանությունից հակադարձում են՝ կա քրեական գործ, հանցանքի կասկած, հետևաբար իրավապահները իրենց գործն են անում, իշխող ուժն էլ որևէ կերպ չի ազդում իրավական գործընթացների վրա։

Աշոտյանի կալանքի երկարաձգման հարցով դատական նիստը կշարունակվի երկուշաբթի։ Միջնորդությունը ներկայացրած Քննչական կոմիտեն չի պարզաբանում, թե ինչու է ցանկանում, որ ընդդիմադիր գործիչը շարունակի մնալ բանտում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG