Մատչելիության հղումներ

Ընտրությունները չեն դառնալու այս իրավիճակից ելք, փողոցային պայքարը շարունակվելու է` ըստ Աշոտյանի


«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ այս ընտրությունները չեն լուծել Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման և քաղաքական ավելի կայուն ապագայի հարցը։

«Խորհրդարանական վերջին ընտրությունները, ինչպես և կանխատեսում էինք, չեն դառնալու ստեղծված իրավիճակից ելք, այլ դժոխքի հերթական շրջանն է լինելու Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար», - այսօր հայտարարեց Աշոտյանը` հավելելով. «Հայաստանում քաղաքական պրոցեսները շարունակելու են ռեալ, և այն փաստը, որ խորհրդարանում կարող է հայտնվել երկու ուժեղ ընդդիմադիր խմբակցություն, ինչո՞ւ եմ ասում` կարող է հայտնվել, որովետև գիտեք, որ և՛ մեր դաշինքը, և՛ այլ ընդդիմադիր ուժեր դիմել են Սահմանադրական դատարան` ընտրությունների արդյունքները չեղարկելու հայցով: Եվ առաջ չընկնենք, թեպետ ոչ մեկս միամիտ չենք` կարծելու, որ ՍԴ-ն իրական գնահատական կտա այս ընտրություններին, ինչևէ իրավական էթիկան պահանջում է այս պահին խոսել ենթադրությունների մակարդակով:

Այն փաստը, որ երկու խորհրդարանական ուժեղ ընդդիմադիր խմբակցություն կարող է լինել խորհրդարանում, ընդամենն ընդգծում է այն հնարավորությունը, որ փողոցային պայքարը Հայաստանում շարունակվելու է»:

Չորս քաղաքական ուժ, այդ թվում` խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները երեկ դիմել են Սահմանադրական դատարան` վիճարկելու ընտրություն արդյունքները։

12 կետից բաղկացած խնդիրների վերլուծություն, կից փաստաթղթեր և հիմնավորումներ է ներկայացրել օրինակ` «Հայաստան» դաշինքը։ Աշոտյանի խոսքով՝ «Պատիվ ունեմ»-ը ևս հետաքրքիր իրավական փաթեթով է դիմել ՍԴ, պնդում են՝ ընտրությունները կեղծվել են. «Մենք էլ վիճարկում ենք սկզբունքները, մեր խնդիրը դա է` ազատ ընտրությունների չազատ լինելու, ժողովրդավար չլինելու փաստն ենք արձանագրում:

Բանակի ռեսուրսի անխնա օգտագործումն էր, շրջիկ խմբերն էին, կրկնաքվեարկության դեպքերը, և վարչական ահռելի պրեսինգը, և 2-3 օր առաջ ընտրություններից կոնկրետ մեր դաշինքն ամբողջ տարածքով պարալիզացնելու փորձերն էին, երբ որ մտել էին շտաբներ` պարալիզացնելու համար, և ատելության խոսքն էր աննախադեպ: Ի՞նչ գրեցին դիտորդները. պարզ տեքստով իրենց ասել եմ` աբսուրդ եք բերում էլի, որ գրում եք` հա, կար ատելության խոսք, որը երկուստեք էր: Լո՞ւրջ: Այսինքն` ով սկսի, ով պատասխանի, նո՞ւյն մեղավորության վրա են»:

Սահմանադրական դատարան դիմելուն զուգահեռ՝ քննարկում են մանդատներ վերցնել-չվերցնելու հարցը, դաշինքում վերջնական որոշում դեռևս չկա. «Կառքը ձիուց առաջ չկապենք, հա։ Այո, մենք հասկանանք, ամեն պրոցես ունի իր ժամանակագրությունը: ՍԴ-ի որոշումը, քննարկումները կլինեն, ինչ ակնկալիք, ևս մի կարևոր հնարավորություն առնվազն խոսելու ընտրությունների կեղծված լինելու մասին: Այս ամեն ինչը պատմություն է դառնալու, սա այսպես չի անցնելու, սա ստատուս չի` գրեն, ջնջեն: Այս ամեն ինչը մնալու է պատմություն, և սա շատ լավ առիթ է լինելու մեզ համար` ևս մեկ բարձր ամբիոնից բարձրաձայնելու ճշմարտությունն այս ընտրությունների մասին»։

Երրորդ նախագահի ղեկավարած Հանրապետականի փոխնախագահի կանխատեսմամբ՝ 8-րդ գումարման խորհրդարանը կարճ կյանք է ունենալու. «Կյանքը, իրավիճակը, այս դավադիր իշխանությունների անհամարժեքությունը այս պրոբլեմներին բերելու է նրան, որ եթե այսօր համարում ենք, որ բացվել է 400 հազար հոգու աչք, ինչը լուրջ թիվ է` գումարելով իրական ընդդիմությանը գնացած բոլոր ձայները, անգամ 400 հազարից ավելին, էլի են լինելու տխուր, կորուստներով լի առիթներ, որոնք կբացեն տասնյակ կամ հարյուր հազարավոր մարդկանց աչքեր: Ինչ որ հիմա կատարվում է մեր երկրում քաղաքական տեսակետից, հակաբնական է»:

Խորհրդարանի կարճ կյանք ունենալու մասին կանխատեսումներին ընտրողների մոտ 54 տոկոս քվեն ստացած Քաղաքացիական պայմանագրից» արձագանքում են՝ նման կանխատեսման որևէ հիմք չեն տեսնում, Հայաստանի քաղաքացիներն էլ իրենց քվեով լուծել են ներքաղաքական ճգնաժամը։ Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան ուղարկված դիմումներին, գործող Ազգային ժողովի իշխանական փոխնախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատությանն» ասել էր. «Ակնհայտ է, որ սա արվում է դեմքը պահպանելու համար, որպեսզի մենք հնարավորություն չունենանք ասել, որ ևս մեկ աննախադեպ արդար ընտրություններ ենք անցկացրել Հայաստանի Հանրապետությունում»։

Հայաստանում հունիսի 20-ին անցկացված ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող են որակել տեղական ու միջազգային դիտորդները՝ հայտարարելով, որ գրանցված ընտրախախտումները չեն ազդել արդյունքների վրա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG