Մատչելիության հղումներ

Արմեն Աշոտյանը ձերբակալվել է խափանման միջոցի պայմանները խախտելու համար. ՔԿ


Կրթության նախկին նախարար, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է խափանման միջոցի պայմանները խախտելու համար, հայտնում է Քննչական կոմիտեն:

Դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրա կալանավորման վերաբերյալ։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ պարզվել է, որ Արմեն Աշոտյանը, հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, ինչպես նաև՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը, դրդել է հիմնադրամի ռեկտոր Միքայել Նարիմանյանին չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները։ Դրա հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 38 միլիոն 658 հազար 200 դրամի գույքային վնաս:

Բացի այդ, Աշոտյանը կազմակերպել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» արհեստակցական կազմակերպության անդամավճարներից հավաքված և այդ կազմակերպությանը փոխանցման ենթակա 185 միլիոն 606 հազար դրամի հափշտակությունը:

Ձեռք բերված փաստերի հիման վրա, ըստ հաղորդագրութան, որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի նկատմամբ հարուցել նոր քրեական հետապնդում:

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն էր այսօր ավելի վաղ հայտնել, որ Աշոտյանը ձերբակալվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումների գործի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։ Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ տեղեկացրեց՝ մեղադրանքը լրացվել է վատնում կազմակերպելու հոդվածով և այն ծիծաղելի որակեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG