Մատչելիության հղումներ

Աշոտյանին Նուբարաշենի բանտ են տեղափոխել, որպեսզի փորձեն ճնշում գործադրել նրա վրա. փաստաբան


Փաստաբան Տիգրան Աթանեսյան
Փաստաբան Տիգրան Աթանեսյան

Քննչական կոմիտեն պարզաբանում է, թե ինչու են ընդդիմադիր Արմեն Աշոտյանին կալանավորելուց հետո տեղափոխել Նուբարաշենի բանտ, որտեղ սովորաբար պահվում են ծանր հանցագործությունների համար մեղադրվողները։

Ըստ Քննչականի, այդ բանտում կա հատուկ մասնաշենք, որտեղ պահվում են դատարանների, իրավապահ համակարգի, մաքսային և հարկային մարմինների նախկին ու ներկա աշխատողները, ինչպես նաև զինվորական կոչում ունեցողները։

Բայց նախկին կամ գործող պաշտոնյաները և կոչում ունեցողները սովորաբար կալանքը կրում են Վարդաշեն կամ Կենտրոն քրեակատարողական հիմնարկներում, իսկ Աշոտյանը փոխգնդապետի կոչում ունի։

Նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը այսօր ևս մեկ անգամ ընդգծեց, որ իր պաշտպանյալին Նուբարաշենի բանտ տեղափոխելով, փորձել են ճնշում գործադրել, բայց իշխանություններին դա չի հաջողվի. - «Վարդաշեն քրեակատարողական կենտրոնում, հիմնականում Երևան կենտրոնում տարբեր մարդկանց են պահում։ Եթե ինչ-որ մտածել են, որ Արմենին կարող են տանել ինչ-որ մի տեղ, մի խուց, որտեղ ինքը կնեղվի, ապա ընդամենը իրենց արշինով են չափել։ Նման բան չկա, որևէ խնդիր չունի Արմենը քրեակատարողական հիմնարկում»։

Օրերս վերաքննիչ դատարանը մերժեց Աշոտյանի բողոքը և կալանքից ազատ չարձակեց նրան՝ ուժի մեջ թողեց առաջին ատյանի որոշումը։ Երկու ամսով կալանավորված ընդդիմադիր գործիչը մեղադրվում է Կրթության նախարար լինելու տարիներին փողերի լվացումը, վստահված գույքը հափշտակելը, պաշտոնական լիազորություններն անցնելը կազմակերպելու համար։ Աշոտյանը մեղքը չի ընդունում։ Ավելին, նրա կուսակիցներն ու համախոհները նրան քաղաքական բանտարկյալ են համարում և պնդում՝ իշխանությունն Աշոտյանին հետապնդում է Արցախի հարցով վարչապետին կոշտ քննադատելու համար։

Փաստաբան Աթանեսյանը այս գործում իրավաբանական գործընթաց չի տեսնում. - «Պետք չէ լինել իրավաբան, որպեսզի հասկանաս, որ վատնումը դա նշանակում է գույքի անվերադարձ կորուստ, օրինական տիրապետողի մոտից դուրս է գալիս գույքը և կորում է։ Դա է վատնման հանցակազմը։ Այլ տեսակի վատնում չի լինում։ Փողերի լվացումը դա պետք է լինի հանցավոր ծագում ունեցող փող, որը դու այլակերպում ես, էսպես ասած՝ լվանում ես, և մի օր, մի պահ էդ փողը դու ունենում ես օրինական տեսքով։ Լիազորությունները չարաշահումը նշանակում է, որ դու ունես մի լիազորություն և դուրս ես գալիս դրա սահմաններից, ինչ-որ մի ապօրինի հանձնարարություն ես տալիս մարդկանց, մասնավորապես էս դեպքի համար»։

Իշխանությունները, սակայն, կտրականապես հերքում են հանրապետականների ու փաստաբանների այս պնդումները՝ հայտարարելով, թե իրավապահ մարմինների աշխատանքին չեն միջամտում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն ավելի վաղ «Ազատությանն» ասել էր, թե Աշոտյանին կալանավորել է դատարանը, որի վրա իրենք որևէ ազդեցություն չունեն. - «Արմեն Աշոտյանի դեպքում կարծես թե [կա] ինչ-որ ձայնագրություն, որտեղ նա ուղղակի միջամտում է գործին»։

Մինչդեռ Աշոտյանի փաստաբանը շարունակում է պնդել՝ վերաքննիչ ատյանի դատավորը, որը որոշել է իր պաշտպանյալին կալանքի տակ թողնել, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մտերիմն է։ Աթանեսյանն ասում է՝ այդ դատավորից այլ որոշում չէր էլ սպասում։ Ի՞նչ կապ կա Քննչականի ղեկավար Քյարամյանի ու դատավորի միջև։ «Ազատության» այս հարցին կոմիտեից ուղիղ պատասխան չեն տվել, միայն հայտնել են, թե հայցվող տեղեկատվությունն անձնական բնույթի է, որևէ առնչություն չունի այս գործի և կոմիտեի նախագահի լիազորությունների իրականացման հետ։

Քննչական կոմիտեն Աշոտյանին մեղադրանք էր առաջադրել դեռ 8 ամիս առաջ, այդ ժամանակ ընտրվել էր երկրից չբացակայելու ստորագրությունը։ Բայց քննչականը մեկ ամիս առաջ որոշեց կալանավորել նրան՝ հայտարարելով, թե փորձել է խոչընդոտել գործի քննությանն ու ազդել այս գործով անցնող անձանց վրա։

Կառույցը մի ձայնագրություն էր տարածել և պնդել, որ Աշոտյանի կուսակից Կարեն Ավագյանը փորձել է վկաներին համոզել օգտվել Աշոտյանի փաստաբանների ծառայությունից։ Ըստ քննչականի, սա արվել էր, որ Աշոտյանը տեղեկանա հարցաքննությունների բովանդակությանը և ըստ այդմ պլանավորի իր և նրանց գործողությունները։

Փաստաբանն այսօր ասաց, որ այդ մարդկանց Աշոտյանը ճանաչում է, մտերիմ է նրանց հետ և ընդունել է նրանց իր տանը։ Բայց դա չի նշանակում, որ դրանով ազդել է գործի քննության վրա. - «Եթե ուշադիր լսել եք, ինչ-որ մի անձ ասում է՝ գնացել Աշոտյանին տեսել եմ, Աշոտյանը ասել է, թե ինչ կարամ ասեմ, ոչ մի բան, կարաք իմ վրա գրեք, կամ կարամ ձեզ փաստաբանով օգնեմ։ Իմ մասին չէր խոսքը, ի դեպ։ Չընդունե՞ր, վտարե՞ր տնից։ Եկել ասում է՝ կինս քո պատճառով ա նստած, չխոսե՞ր էդ մարդու հետ»։

47-ամյա ընդդիմադիր գործչի կալանքի ժամկետը լրանում է օգոստոսի 16-ին, առայժմ հստակ չէ՝ արդյո՞ք Քննչականը այն երկարաձգելու հարցով կդիմի դատարանին։

XS
SM
MD
LG