Մատչելիության հղումներ

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունը իրավապահները կապում են ևս մեկ քրեական գործի հետ


Նախկին նախագահ Սերժ Սարգսյանին առնչվող երրորդ քրեական գործն է հարուցվել։ Այս դեպքում Գլխավոր դատախազության թիրախում է հայտնվել Պաշտպանության նախարարության՝ 19 տարի առաջ կնքած մի գործարք։ Այդ ժամանակ ռազմական գերատեսչությունը Սարգսյանն էր ղեկավարում։

Պաշտոնաթող նախագահին մեղադրանք դեռ չի ներկայացվել։ Քրեական գործը հարուցվել է պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով։

Դատախազության հաղորդմամբ՝ 2004-ին «Կրեդիտ Երևան» բանկը պետությանը կես միլիոն դոլարի պարտք ուներ, որը փակելու համար Պաշտպանության նախարարությանն է հանձնել բանկին պատկանող մի շինություն ու հողամաս։ Թե ինչպե՞ս էր բանկն այդ պարտքը կուտակել, դատախազությունը չի մանրամասնում։ Գործարքից ընդամենը 1.5 ամիս անց Սերժ Սարգսյանի կողմից լիազորված անձը այդ շինությունն ու հողամասը 5.5 անգամ էժան գնով՝ 90 հազար դոլարով վաճառել է մեկ այլ՝ «Անելիք» բանկին։ Ոչ «Կրեդիտ Երևան», ոչ էլ «Անելիք» բանկն այժմ չեն գործում։

«Իրենք հայրենասերներին չեն սիրում ու իրանց արշինով են չափում, մտածում են, որ էդ քրեական գործերով կարելի է ինչ-որ մեկին վախեցնել: Դե որ քրեական գործերի ֆիգուրանտները դրանցից չեն վախենում, դա ակնհայտ է, բայց նաև մեր ժողովուրդն էլ դրանից չի վախենալու», - ասաց հանրապետական պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Նախկին նախագահն առայժմ չի արձագանքել այս նոր գործին։ Վերջին երկու շաբաթներին իրավապահների հաղորդագրություններում հաճախ են հիշատակվում նախկին իշխող կուսակցության ներկայացուցիչների անունները։ Անցած շաբաթ կալանավորվեց Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը, երեկ էլ հայտնի դարձավ, որ նոր հարուցված մի քրեական գործով անցնում են նաև այլ հանրապետականներ՝ Արման Սահակյանն ու Կարեն Ավագյանը։

Ընդդիմադիր կուսակցությունը այս գործերը քաղաքական է որակում, պնդում, թե իշխանությունները հետապնդում են իրենց Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը քննադատելու համար։ Իշխանականները շարունակում են հակադարձել, որ իրավապահների գործունեությանը չեն միջամտում։ Այսօր էլ կուսակցության գրասենյակում հրավիրած ասուլիսում հանրապետական պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարեց՝ այս գործերով իրենց չեն վախեցնի։

«Սերժ Սարգսյանի դեմ նախորդ շինծու քրեական գործերից մեկը հարուցվել է, դա հանրահայտ փաստ է, 2020 թվականի հոկտեմբերի 5-ին, երբ Հայաստանի Հանրապետության և Արցախի բոլոր քաղաքացիների միակ մտահոգությունը պատերազմն էր, իսկ Սերժ Սարգսյանը գտնվում էր Ղարաբաղում», - նշեց Մամիջանյանը:

Մինչ իրավապահները քննում են Սերժ Սարգսյանի լիազորությամբ իրականացված գործարքի իրավաչափությունը, հստակ է, որ ենթադրյալ հանցանքից 19 տարի անց գործում է վաղեմության ժամկետի կանոնը։ Սա նշանակում է՝ եթե այս հոդվածով որևէ մեկին մեղադրանք առաջադրեն, գործը հասնի դատարան ու ամբաստանյալը մեղավոր ճանաչվի, միևնույն է՝ նա չի ազատազրկվի։

Այդ դեպքում ո՞րն է այս քրեական գործը բացելու նպատակը. դատախազությունից փոխանցում են, որ դատարանի վճռով հնարավոր կլինի վերականգնել պետությանը պատճառած վնասը։

Ի դեպ, վաղեմության ժամկետն անցել է նաև դիզվառելիքի յուրացման գործով, որտեղ նախկին նախագահը գլխավոր մեղադրյալն է։ Այս դատաքննությունը սկսվել է 2020 թվականին և դեռ չի ավարտվել։ Նույնն է նաև գործարար Սիլվա Համբարձումյանից ստացած ենթադրյալ կաշառքի գործով, որի նախաքննությունը դեռ չի ավարտվել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG