Ստեփանակերտը Երևանի հետ տարաձայնություններ ունի ղարաբաղյան խնդրի առնչությամբ, Արցախի Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով Հայաստանի հետ հարաբերություններին վերաբերող հարցին։
«Ունենք բավականին ակտիվ շփումներ և դա միանշանակ այլ ձև չի էլ կարող լինել, պարբերաբար, եթե ոչ ամեն օր, շփում ունենում ենք, խոսում ենք պրոբլեմների մասին, լինում են տարաձայնություններ, և այդ ամենակարևոր տարաձայնությունը միշտ, հասկանում եք, ղարաբաղյան խնդրի հետ է կապված», - ասել է նախագահը:
Արայիկ Հարությունյանը, սակայն, չի հստակեցրել, թե խոսքը կոնկրետ ինչի մասին է, հայաստանյան իշխանությունները ոչ հրապարակավ ինչ են առաջարկում։ Միայն հորդորել է Երևանին զերծ մնալ Արցախի ինքնորոշումը կասկածի տակ դնող քայլերից:
«Ոչ մեկն իրավունք չունի կասկածի տակ դնելու և սահմանափակելու մեր ինքնորոշումը, մեր ինքնորոշման իրավունքը: Դա բացառիկ իրավունք է, որը չի տրվել իշխանությունների կողմից, այլ միջազգայնորեն ճանաչված է, և այդ իրավունքի առումով պատրաստակամություն է հայտնել պայքարելու Արցախի ժողովուրդը, որին սատար է կանգնում հայ ժողովուրդը», - նշել է Հարությունյանը:
Երևանից դեռ չեն արձագանքել Հարությունյանին, իշխող «Քաղաքացիական պայմանագրից» էլ մեր զանգերն անպատասխան են թողնում կամ պատճառաբանում, թե համար չէ։
Արցախի պետնախարարը հուլիսի 25-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում ավելի բաց էր արտահայտվել ու հայտարարել, որ Երևանը պետք է հրաժարվի Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց՝ լինի դա բանավոր, թե գրավոր. - «Արցախի ժողովրդի ճակատագիրը կարող է որոշվել միայն Արցախի ժողովրդի կողմից»:
Նախընտրական ծրագրում ղարաբաղյան հակամարտությունը ինքնորոշման հիման վրա լուծելու մասին խոստում տված հայաստանյան իշխանությունները տևական ժամանակ է այդ մասին չեն խոսում, փոխարենը բարձրաձայնում են միջազգային մեխանիզմի ներքո արցախցիների իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման անհրաժեշտության մասին։ Ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով էլ հայտարարում, թե ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ դրանում ներառելով Լեռնային Ղարաբաղը։
«Մեզ դրդում են ընդունել Ադրբեջանի պայմանները», - նշել է Արցախի նախագահը:
Հարությունյանը համաձայնել է դիտարկման հետ, թե լուռ համաձայնություն կամ որոշում կա, որն բոլոր կողմերն ուզում են Ադրբեջանի հետ երկխոսություն պարտադրել Ստեփանակերտին՝ Բաքվի օրակարգով:
«Միանշանակ մեզ համար անընդունելի է, քանի որ ցանկացած երկխոսություն, հանդիպում պետք է առաջին հերթին իրավահավասարության, արժանապատվության և իրավունքների շրջանակներում լինի, այդ երեք սկզբունքները խախտված են, դրա համար ցանկացած հանդիպում չի կարող լինել երկխոսություն», - ասաց Հարությունյանը:
Արցախի նախագահը նաև հաստատել է, որ Արևմուտքի միջնորդությամբ Ստեփանակերտ-Բաքու ևս մեկ հանդիպում է ձախողվել, որը պետք է տեղի ունենար օգոստոսի 1-ին։ Հարությունյանը պնդել է՝ Բաքուն է հրաժարվել այդ հանդիպումից։
«Իհարկե, մեր կողմից եղել է դրական պատասխան մանավանդ այն մոտ էր միջազգային ձևաչափին, այսինքն, ես չեմ ուզում ասել, որ դա միջազգային ձևաչափով հանդիպման նախապատրաստական աշխատանք էր, բայց ինչ-որ տեղ կարելի էր ընդունել: Ադրբեջանը հրաժարվել է նաև այդ ձևաչափից, այսինքն, շահագրգռվածություն տեսել ենք այդ նախաձեռնողներից, բայց Ադրբեջանի հրաժարվելուց հետո այդպես էլ մնաց օդում կախված», - նշեց Արցախի նախագահը:
Արայիկ Հարությունը հարցազրույցում անդրադարձել է նաև Աղդամով բեռներ տեղափոխելու Բաքվի առաջարկին, շեշտել, որ հումանիտար աղետը հենց Ադրբեջանի իրականացրած քաղաքականության հետևանք է։ Նախագահն Արցախում ստեղծված իրավիճակը համակենտրոնացման ճամբարի հետ է համեմատել։
«Այդ ճամբարում այդպես է լինում, դարձնում են ճամբար, հետո սկսում տրամադրել այն, ինչ նպատակահարմար են գտնում և ինչքան նպատակահարմար են գտնում», - ընդգծեց Հարությունյանը:
Նախագահն ասել է, որ ցանկացած առաջարկ առաջին հերթին պետք է լինի մարդասիրական միջազգային նորմերի համապատասխան, հարգի ժողովրդի արժանապատվությունը. - «Ամենակարևորը ցանկացած կարևոր, կենսական նշանակություն ունեցող առաջարկություն կամ որոշում մենք պետք է ունենք ընդհանուր կոնսենսուս, որը պետք է արտահայտի առաջին հերթին մեր ժողովրդի տրամադրությունները»:
Արցախն արդեն 8 ամիս շրջափակման, ավելի քան մեկուկես ամիս էլ լիակատար պաշարման մեջ է։ Ադրբեջանն արգելում է Լաչինի միջանցքով սննդի, դեղորայքի մատակարարումները։ Տեղում մարդիկ եղած՝ արդեն սպառվող պաշարներն են օգտագործում։ Խանութներն ու դեղատները գրեթե իսպառ դատարկվել են. արցախցիները ժամերով հացի, կաթնամթերքի հերթ են կանգնում։
Արցախի նախագահը հայտարարել է նաև, որ Ադրբեջանն ուզում է հրաժարվել նոյեմբերի 9-ի հայտարարությունից և շարունակել պատերազմը։ Ըստ Արայիկ Հարությունյանի՝ պատերազմը շարունակվում է պաշարման միջոցով։