Մատչելիության հղումներ

Ավտոերթի պատրաստվող արցախցիները ռուս խաղաղապահներից պահանջում են պատասխանել՝ ինչպե՞ս են ապահովելու իրենց անվտանգությունը


Նախաձեռնության անդամները ռուս խաղաղապահների տեղակայման վայրում, 4-ը օգոստոսի, 2023թ.
Նախաձեռնության անդամները ռուս խաղաղապահների տեղակայման վայրում, 4-ը օգոստոսի, 2023թ.

Ավտոբուսներով դեպի Հակարիի կամուրջ շարժվել պատրաստվող արցախցիները ռուս խաղաղապահներից պահանջում են պատասխանել՝ ինչպե՞ս են վերջիններս ապահովելու իրենց անվտանգությունն այդ ավտոերթի ժամանակ։

Երեկ այդ պահանջով խաղաղապահների տեղակայման վայր՝ Իվանյան հասած մի խումբ արցախցիների ընդառաջ դուրս եկած զորակազմի ներկայացուցիչն առաջարկել էր հարցերը գրավոր ներկայացնել։

Ակցիայի նախաձեռնող խմբի անդամ Գագիկ Ավանեսյանն «Ազատությանն» ասաց՝ օրվա առաջին կեսին հանձնել են նամակը ռուս խաղաղապահներին. - «Մեր նախաձեռնող խմբի անդամներ Արթուր Օսիպյանը, Վրեժ Բալասանյանը նամակը տարել են հասցրել: Երեկ էլ դուրս էր եկել այնտեղի ծառայող՝ գնդապետի կոչումով, Լենցովի անունից ասաց, որ վաղը՝ «ինձ կտաք, երկուշաբթի կպատասխանենք»:

Մի խումբ արցախցիներ պատրաստվում են ավտոերթով շարժվել դեպի ադրբեջանցիների կողմից շրջափակված Հակարիի կամուրջ, որ ապացուցեն՝ Ալևիը ստում է, ճանապարհը բաց չէ։

«Մեծ ու փոքր սովին կդիմանանք, բայց Ադրբեջանի կազմում չենք ապրի»

Ստեփանակերտից 7 կմ հեռավորությամբ գտնվող Բերքաձոր գյուղում ապրող Անի Խաչատրյանն ասում է՝ ավտոերթին չի մասնակցի, որովհետև մտավախություն ունի, որ դա ավելի կսրի իրավիճակը, բայց ըստ նրա՝ եթե կազմակերպիչները հաշվի են առել բոլոր ռիսկերը, ապա ուրախ կլինի, եթե ինքը սխալվի ու այդ քայլը նպաստի դրական որևէ լուծման։ Մինչև այդ իր 12 հոգանոց բազմանդամ ընտանիքը մնացած բոլոր արցախցիների նման ամեն օր ցամաք հացի հարց է փորձում լուծել, իսկ 4-ամյա իր երեխան չի հասկանում՝ ինչո՞ւ է կիսակուշտ քնում։

Անին «Ֆեյսբուք»-ում ձևավորված ավելի քան 9000 հոգանոց խմբի հիմնադիրներից է, այստեղ արցախցիները հեղուկ օճառը, կաթը, խոնավ անձեռոցիկը և այլ իրեր ու պարագաներ փոխանակում են մեկ այլ անհրաժեշտ իրի կամ սննդի հետ։

«Մեկ կաթ տվեցինք մեկին, մեզ շաքարավազ տվեցին, որ 20 օրից ավելի տանը շաքարավազ չկար: Այսինքն, ամեն մարդ ինչ-որ փոխանակում է, իր վերջին եղածն է արդեն փոխանակում», - ներկայացրեց նա:

Արցախը շրջափակված է արդեն 236 օր, գոյացած հացի հերթերում տարեցներ ու անչափահասներ են ուշագնաց լինում, խանութները դատարկ են, սնունդ հայթայթելն ամեն օր ավելի ու ավելի է դժվարանում։ Առողջական խնդիրներով մարդիկ չեն կարողանում Հայաստանի հիվանդանոցներ տեղափոխվել։ Անի Խաչատրյանն այս ֆոնին հիշում է՝ օրերս Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո ինչպես էր եվրոպական խորհրդի նախագահը Շառլ Միշելն կարևորել Աղդամով հումանիտար մատակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը։ Միշելը միաժամանակ նաև շեշտել էր՝ Արցախը Հայաստանին կապող միակ՝ Լաչինի ճանապարհը պետք է բացվի։

«Մեծ ու փոքր սովին կդիմանանք, բայց Ադրբեջանի կազմում չենք ապրի ու Աղդամից սնունդ չենք ընդունի», - ասաց «Ազատության» զրուցակիցը։

«Էս ամեն ինչը հետ չի: 21-րդ դարում, երբ որ դու նույնիսկ հացի խնդիր ունես.... շատ հեշտությամբ մենք կարող էին հանձնվել ու ասել՝ թող Աղդամից բերվի ուտելիքը, բայց դա կլինի էս ամբողջ չարչարանքների 0 հատուցում: Կլինի, որ մեր տղաներն իզուր են զոհվել: Մենք չենք ուզում ինտեգրվել, մենք ուզում ենք, որ ինչ որ խոստացվել է նոյեմբերի 9-ի պայմանագրով, գոնե այդ կետերն ապահովվեն, որ մենք ազատ տեղաշարժվենք, մենք որոշենք մեր անելիքները, ինչ որ մեզ հասանելի էր գոնե այդ խայտառակ պայմանագրով: Խոստացել էին ճանապարհի անվտանգ ապահովում, ռուս խաղաղապահների կողմից իրենց խոստումները պետք է կատարվեին թե՛ սնունդի հետ կապված, թե՛ մեր անվտանգության հետ կապված: Հիմա ամեն ինչ այստեղ 0 է», - ասաց Բերքաձորի բնակիչը:

Անիի հետ մեր զրույցն ընդհատվեց, որովհետև Արցախում հոսանքի հովհարային անջատումների ժամերն էր, հեռախոսը լիցքաթափվել էր, ինտերնետ կապ էլ, բնականաբար, չկար։

Մինչև երկուշաբթի պարզ կլինի, արդյո՞ք ռուս խաղաղապահները որևէ պատասխան կտան նախաձեռնության անդամներին և արդյո՞ք պատրաստ են դեպի Հակարիի կամուրջ շարժվող երթի մասնակիցների անվտանգությունն ապահովել։

XS
SM
MD
LG