Մատչելիության հղումներ

Այժմ անհրաժեշտ են հստակ քայլեր՝ միջազգային բոլոր կոչերն ու որոշումները կատարելու համար․ ՀՀ ԱԳՆ խոսնակ


Այժմ անհրաժեշտ են հստակ քայլեր՝ միջազգային բոլոր կոչերն ու որոշումները կատարելու համար, Թվիթերում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը՝ հիշեցնելով՝ հունիսին ԵԽԽՎ-ն Փոլ Գավանի զեկույցի վրա հիմնված բանաձև ընդունեց Լաչինի միջանցքի շրջափակման մասին։

«Փոլ Գավանը օգոստոսի 4-ին գրել է․ - «Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտման կանխամտածված փորձ է»։ Այժմ անհրաժեշտ են հստակ քայլեր՝ միջազգային բոլոր կոչերն ու որոշումները կատարելու համար», - գրել է ԱԳՆ խոսնակը։

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հունիսի 22-ին շուրջ երկու ժամ տևած քննարկումից հետո, հաստատեց Լաչինի միջանցքում ստեղծված կացությանը վերաբերող բանաձևը։ 48 կողմ, 16 դեմ քվեների հարաբերակցությամբ Վեհաժողովն արձանագրեց, որ Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ ու անվտանգ տեղաշարժը խոչընդոտված է, նաև կոչ արեց Բաքվին անհապաղ կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին հրապարակված վճիռը։

Շուրջ 8 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում ճգնաժամը ժամ առ ժամ խորանում է։ Հակարիի կամրջի վրա ադրբեջանական դրոշի տեղադրման միջադեպից հետո՝ հունիսի 15-ից Արցախ ընդհանրապես որևէ բեռ չի մտել: Նաև ԿԽՄԿ-ն է ահազանգում՝ ոչ մի ճանապարհով ի վիճակի չէ օգնություն հասցնել տեղացիներին։120 հազար մարդ կանգնած է սովի վտանգի առաջ։

Հայաստանը հուլիսի 26-ին մոտ 400 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Արցախ։ Օգնությունը դեռ տեղ չի հասել․ բեռնատարներն անցել են հայկական անցակետն ու արդեն երկու շաբաթ է կանգնած են Կոռնիձորում՝ Հակարիի կամրջի սկզբնամասում։ Ըստ պաշտոնական Երևանի՝ Ադրբեջանը թույլ չի տալիս բեռների մուտքն Արցախ Լաչինի միջանցքով։ Բաքուն Երևանի՝ Արցախին հումանիտար օգնություն ուղարկելու քայլը սադրանք է որակել՝ դա նաև համարելով «ոտնձգություն» իր տարածքային ամբողջականության հանդեպ։

XS
SM
MD
LG