Մատչելիության հղումներ

11-օրյա դադարից հետո այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 11 հիվանդ


11-օրյա դադարից հետո անհետաձգելի բժշկական օգնություն ստանալու համար այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 11 հիվանդ։

«Նրանցից 9-ը ստանում են հեմոդիալիզ, սակայն դեղորայքի և բժշկական պարագաների սակավության պատճառով չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն և կանգնել են մահվան վտանգի առջև, իսկ մյուս 2 բուժառուները քաղցկեղի պատճառով գտնվում են ծանր վիճակում», - հայտարարում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Միևնույն ժամանակ Կարմիր խաչի մեքենաներով Արցախ կվերադառնան 9 հիվանդներ իրենց ուղեկցողների հետ միասին, «Ազատությանը» փոխանցեց ԿԽՄԿ արցախյան առաքելության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը։

Արդյո՞ք բժշկական տարհանումները կշարունակվեն, դեռ պարզ չէ:

«Մենք բոլոր որոշում կայացնողների հետ շարունակական քննարկում ենք բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են մեր աշխատանքի մանրամասներին և թե ինչպես ենք աշխատելու, քանի որ այս գործընթացում մենք չեզոք միջնորդ ենք, որի նպատակն է իրականացնել մարդասիրական գործունեություն, որը համաձայնեցված է եղել բոլորի կողմից», - ասաց Մուսայելյանը:

Վերջին անգամ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Երևան հիվանդներ էին տեղափոխվել հուլիսի 29-ին, երբ ադրբեջանցիները հենց անցակետից առևանգել էին սրտի վիրահատության համար Երևան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին։

Արցախցի բժիշկներն ահազանգում են՝ թերսնուցման, դեղորայքի բացակայության հետևանքով մի քանի անգամ աճել են մահվան դեպքերը

«Իհարկե, շատ են դեպքերը, երբ մարդիկ դեղորայքի սղության պատճառով ունենում են ինսուլտներ, որոնք պայմանավորված են սրտի արիթմիաներով, ճնշման բարձրացումներով: Այո, շատ են նման դեպքերը», - ասաց սրտաբան Կարեն Գրիգորյանը:

Արցախցի բժիշկներն ահազանգում են՝ գրեթե բոլոր հղիներն ունեն սակավարյունություն, մարդիկ ավելի հաճախ են ուշագնաց լինում։ Թերսնուցման, դեղորայքի բացակայության հետևանքով մի քանի անգամ աճել են մահվան դեպքերը, խրոնիկ հիվանդությունները սրվել են, ասում է բժիշկ կարոն Գրիգորյանը։

«Նաև ասեմ, որ բավականին եդրիտասարդացել են նշված հիվանդությունները: Մենք ունեցել ենք վերջին մի քանի շաբաթվա ընթացքում երիտասարդ տղաների մահացության դեպքեր՝ 27, 25 տարեկան», - ներկայացրեց սրտաբանը:

Լաչինի միջանցքում անցակետ տեղադրած Բաքուն վերջին մեկուկես ամսում ընդհանրապես արգելել է հումանիտար որևէ բեռի մատակարարումը Արցախ։ Թերսնման, դեղերի պակասի պատճառով մարդիկ ավելի հաճախ են զանգահարում շտապօգնություն, ասում է՝ շտապօգնության բժիշկ Գևորգ Թադևոսյանը։

«Ընդհանուր բոլոր կանչերն են շատացել, բայց ուշաթափությունները վերջերս ավելի հաճախակի են հանդիպում: Բոլոր տարիքային խմբերում էլ հանդիպում են՝ երեխաներ էլ են լինում, որ ծնողների հետ հերթի մեջ են, երիտասարդներ էլ են լինում, տարեցներ էլ: Կան հիվանդներ, որոնք չեն օգտագործում իրենց ամենօրյա դեղորայքը, որովհետև չկա, այդ պատճառով լինում է նաև բարդություն՝ արդեն իրենց մշտական քրոնիկ հիվանդությունների սրացումներ», - ասաց Գևորգ Թադևոսյանը:

Արցախում ապրանքների գները թանկացել են մի քանի անգամ

Հայաստանից ուղարկված 361 տոննա մարդասիրական բեռն արդեն երկու շաբաթ է կանգնած է Հակարիի կամրջի մոտ, հայկական կողմը սպասում է, որ Բաքուն թույլ տա առաջին անհրաժեշտության սնունդ ու ապրանքներ հասցնել Արցախ, բայց ապարդյուն։ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են մերժել, փոխարենն առաջարկում են օգնություն հասցնել այլ՝ Աղդամի ճանապարհով։

Մինչ այս, 8 ամիս շրջափակված Արցախում ապրանքների գները թանկացել են մի քանի անգամ։ Պետնախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր մեկ օր ժամանակ է տրամադրել գները կարգավորելու համար։ Դեռ երկու շաբաթ առաջ էր կառավարությունը որոշել արգելել թանկ գներով առևտուրը՝ անգամ տուգանքներ էր սահմանել։

«Ապրանքների իրացման գների կարգավորման ամենաթեժ պահին արձանագրվել է դեպք, երբ վերահսկողություն իրականացնող մարմնի աշխատակիցը անձամբ էր զբաղվում ապրանքների թանկ վերավաճառմամբ: Այդ պատճառով, այդպիսի խնդիրների պայմաններում շարունակաբար վերանայում ենք մեր մոտեցումներն ու անդադար պայքար տանում մեր միջավայրում գոյություն ունեցող չարաշահումների ու չարաշահողների դեմ: Այդպիսի դեպքերից են վերջին օրերին կրկին սանձարձակության հասած՝ բնակչության, հատկապես տարեցների, հղիների ու երեխաների տարրական դիմադրողականությունը պահպանելու համար շուկայում իրացվող չնչին քանակի մսամթերքի գները», - հայտարարել է պետնախարարը:

Տևական ժամանակ է՝ Արցախում նաև վառելիք չկա. սա է պատճառը, որ գյուղերից քաղաք միրգ ու բանջարեղեն բերելը խնդիր է դարձել։ Գյուղաբնակներն են ոտքի ելել՝ փորձելով բերքուբարիքը հասցնել Ստեփանակերտ։

Խորացող հումանիտար ճգնաժամին զուգահեռ Կրթության նախարարությունը ևս ելքեր է փնտրում նոր ուսումնական տարին դիմավորելու համար։ «Լույսի պայուսակ» ակցիայի միջոցով կհավաքվեն պայուսակներ առաջին դասարանցիների համար։ Ստեփանակերտում ու շրջանների բոլոր դպրոցներում արդեն հավաքագրման կետեր կան, հավաքվում են նաև լավ պահպանված այբբենարաններ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG