Մատչելիության հղումներ

Լիակատար պաշարման հետևանքով կտրուկ աճել են մահվան և հիվանդացության ցուցանիշները․ Արցախի ԱՆ


Արցախի լիակատար պաշարման հետևանքով կտրուկ աճել են մահվան և հիվանդացության տարբեր ցուցանիշները, ահազանգում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Նախարարությունը նշում է՝ Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից 8 ամիս շարունակ արգելափակված լինելու պայմաններում՝ հունվար-հուլիս ամիսների ընթացքում ընդհանուր մահացությունների շարքում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացությունն աճելի է ավելի քան 2 անգամ, յոթ ամսում չարորակ նորագոյացություններից մահերի քանակը աճել է 15,9 տոկոսով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բժիշկների հսկողության տակ գտնվող հղի կանանց շրջանում սակավարյունության մակարդակը հասել է մոտ 90 տոկոսի։

«Մահվան և հիվանդությունների դեպքերի նշված և այլ ցուցանիշների աճը պայմանավորված է Արցախի շրջափակման և, այնուհետև, լիակատար պաշարման հետևանքով առաջացած առողջապահական լրջագույն խնդիրներով, ներառյալ՝ դեղորայքի ու բժշկական պարագաների սղությամբ կամ բացակայությամբ, բնակչության թերսնմամբ, սթրեսով, պլանային վիրահատությունների ու հետազոտությունների դադարեցմամբ, Հայաստանում և արտերկրում բուժօգնություն ստանալու հնարավորությունների խիստ սահմանափակմամբ և այլն», - հայտարարում է նախարարությունը՝ շեշտելով՝ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար պաշարման շարունակման դեպքում նշված և այլ ցուցանիշներն էլ ավելի մեծ չափով են աճելու՝ հանգեցնելով բազմաթիվ մարդկանց մահերի ու առողջական վիճակի վատթարացման:

Առողջապահության համակարգը հնարավորինս կատարում է իր առջև ծառացած խնդիրները՝ այս ծանր մարտահրավերների հետևանքների մեղմացման ուղղությամբ, փոխանցում է գերատեչսությունը՝ միևնույն ժամանակ ընդգծելով՝ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների և բեռների տեղաշարժի ամբողջական արգելափակումը պարզապես անհնար են դարձնում համակարգային ու լիարժեք առողջապահական լուծումների ապահովումը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG