Եթե Լաչինի միջանցքը շարունակվի փակ մնալ, որքան էլ որ ցինիկ կարող է հնչել, շանսերն ավելի կմեծանան միջազգային հարթակներում հայանպաստ զիջումներ ստանալու համար, «Ազատության» հետ զրույցում ասաց վերլուծաբան Արմինե Մարգարյանը՝ նկատելով՝ որպեսզի հարցը վերջնականապես մտնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և բանաձև լինի, շատ աշխատանք է պետք տանել և՛ մշտական, և՛ ոչ մշտական անդամների հետ, կուլիսների հետևում, որը վերլուծաբանի խոսքով, ըստ էության արվում է։
Մեծ նվաճում է, որ մեկ տարվա ընթացքում Արցախի հարցը երկրորդ անգամ հասել է ՄԱԿ-ի ԱԽ՝ իր հերթին նշում է վերլուծաբան Հրաչյա Արզումանյանը՝ կարևորելով, որ Հայաստանը ճիշտ դրսևորի Արցախի պրոբլեմը միջազգային ատյաններում։
Ըդգծելով, որ վերջին տարիներին Արցախի հարցը Հայաստանի իշխանությունների կողմից սկսել է դրսևորվել որպես միայն հումանիտար՝ վերլուծաբանը խիստ կարևոր է համարում, որ Երևանը վերականգնի Արցախի հարցի ռազմական և քաղաքական մոտեցումները, որը եղել է 30 տարվա ընթացքում։
«Չի կարելի Արցախի հարցը դրսևորել, որպես հումանիտար, դա արդեն պարտություն է։ Այդ ճանապարհով գնալով մենք չենք հասնելու արդյունքների։ Վերջին Անվտանգության խորհրդի նիստին մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն աշխատում է զուտ քաղաքական ոլորտում, ինքը հումանիտար պրոբլեմներ չի տեսնում և Հայաստանը միանգամից դրսևորել է որպես օկուպացիոն երկիր և այլն», - ասաց վերլուծաբանը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․