Պաշտոնական Ստեփանակերտը հաստատակամորեն կոչ է անում բոլոր շահագրգիռ պետություններին, միջազգային կազմակերպություններին և մյուս միջազգային դերակատարներին խոսքից անցնել գործի՝ վերջ դնելու Ադրբեջանի կողմից Արցախի և նրա ժողովրդի դեմ իրականացվող միջազգային հանցագործություններին։
«Հիշեցնում ենք, որ ցեղասպանության հանցագործության կանխարգելումը պետություների erga omnes (բոլորին վերաբերող) պարտավորություն է, համաձայն որի՝ յուրաքանչյուր պետություն պետք է ակտիվ և շարունակական ջանքեր գործադրի՝ նման հանցագործության կանխման համար», - ասված է Արցախի ԱԳՆ հայտարարությունում։
Կարևորելով միջազգային հանրության կողմից հնչեցվող կոչերը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ, Արցախի արտգործնախարարությունն ընդգծում է. - «Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ նման կոչերը որևէ ազդեցություն չեն ունենում Ադրբեջանի ղեկավարության վրա, որը, ամենաթողության և լիակատար անպատժելիության պայմաններում, շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը և սովամահ անում Արցախի 120 000 բնակիչներին՝ նրանց համար ստեղծելով անտանելի կենսապայմաններ»։
Չնայած այս կոչերին, ըստ հաղորդագրության, Արցախում ստեղծված մարդասիրական աղետը և մարդու իրավունքների ճգնաժամն օրեցոր ավելի են վատթարանում։
«Արցախ հումանիտար օգնություն հասցնելու համար այլընտրանքային ճանապարհների օգտագործման հնարավորության մասին վերջին շրջանում Ադրբեջանից հնչող հայտարարությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ Բաքուն շրջափակումն օգտագործում է որպես զենք և Արցախի ժողովրդին ճնշելու միջոց։ Ադրբեջանը մարդկանց տառապանքներն ու իր իսկ ստեղծած հումանիտար ճգնաժամը օգտագործում է սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար։ Ադրբեջանի նման գործողությունները և գործելակերպը հակամարդկային լինելու պատճառով պետք է ամենավճռական ձևով մերժվեն միջազգային հանրության կողմից», - նշված է հաղորդագրությունում։
Արցախում շարունակվող մարդասիրական աղետի և մարդու իրավունքների ճգնաժամի դադարեցումը, ըստ ԱԳՆ-ի, իրական մարտահրավեր է ներգրավված միջազգային դերակատարների գործունակությունը։
«Համոզված ենք, որ իրենց հանձնառությունների համաձայն, նրանք ի վիճակի են վերացնել Ադրբեջանի կողմից միջազգային իրավակարգի նման ակնհայտ ու կոպիտ խախտումը և կանխարգելել ցեղասպանության հանցագործության իրականացումը։ Այլապես, հակամարտության խաղաղ և երկարատև կարգավորման վերաբերյալ բոլոր կոչերը կլինեն իրականությունից կտրված, բովանդակազուրկ ու անհեռանկար», - ասված է հայտարարությունում: