Արցախում հացի սուր խնդիր կա։ Ստեփանակերտի բնակիչ Ռուզաննա Թադևոսյանը պատմում է, որ եթե վերջին շրջանում ոտքով երկար ճանապարհ էին անցնում ու փռերի մոտ հերթ կանգնում, որ հաց գնեին, ապա այժմ փռերում ալյուր էլ չկա։ Մարդիկ միմյանցից են փորձում որևէ կերպ մի փոքր ալյուր գտնել ու հաց թխել։
«Մեկը գրում ա ալյուր ա պետք, 6 երեխա ունեմ, գոնե մի հատ հաց թխեմ, ամբողջ գիշեր հերթում կանգնել եմ չեմ կարողացել հաց գնել: Էդ խնդիրը համատարած ա», - պատմեց Ստեփանակերտի բնակիչը:
Ռուզաննան ասում է, թե իշխանությունը պատճառաբանել է, որ ցորենը հնձել են, բայց խոնավ է ու աղալ չի լինում, հույս են տվել՝ մի քանի օրից խնդիրը կկարգավորվի. - «Հավատով չեն լցնում իրենց խոսքերով, որովհետև էնպես չի, որ միշտ հույս են տալիս, էդ հույսը երբեք չի արդարանում»:
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց՝ հացի սուր խնդիր կա։ Ցորենի պաշարները վերջացել են և այժմ հացահատիկի բերքն են հավաքում ու աղում։ Սակայն մի շարք պատճառներով այս գործընթացը դանդաղել է։ Բեգլարյանը, սակայն, վստահեցրեց՝ խնդիրը մի 2 օրից կկարգավորվի:
«Բերքահավաքի աշխատանքները շատ դանդաղ են ընթանում երեք հիմնական պատճառներով պայմանավորված, նույնիսկ չորս կարող եմ ասել, վառելիքի սղություն, երկրորդը պահեստամասերի ու այլ անհրաժեշտ պարագաների բացակայություն, որովհետև տրակտորները վնասվում են և հնարավոր չէ սարքել շատ դեպքերում, երրորդը, ադրբեջանական կրակոցներն այն դեպքերում, որ մի քանի հազար հա հացահատիկ միայն ադրբեջանցիների հրաձգային միջոցներով կրակոցների հասանելիության տիրույթում են, չորրորդը, ոչ բարենպաստ տեղումները: Սկզբից մայիս-հունիս ամիսներին մի քանի հազար հա միայն կարկուտի ու սելավների հետևանքով կորցրեցինք, հիմա էլ բերքահավաքի ընթացքում մի քանի անգամ տեղումներ եղան, դադարել են աշխատանքները: Հիմնականում սրանք են պատճառները, որ այսպիսի ձգձգումներ են եղել, հիմա փաստի առաջ ենք կանգնել», - նշեց նա:
Արդյոք Արցախի իշխանությունները հավաքում են տեղեկություններ այն ընտանիքների մասին ովքեր այսօր հացի ու նաև սնունդ հայթայթելու խնդիր ունեն։ Արդյո՞ք նրանց օգնություն տրամադրվում է։ Պետնախարարի խորհրդականն ասում է, թե կան թեժ գծեր, և մարդիկ ահազանգում են, ու պետական մարմինները, ըստ հնարավորության, աջակցում են։
Արտակ Բեգլարյանը, սակայն, ահազանգում է՝ կարճ ժամանակահատվածում արդեն բացարձակ սոված մարդիկ են լինելու Արցախում։
«Սովածության մակարդակ էլ կա, հացի առումով, այո, այս քանի օրը ահազանգերը շատ են, որ հաց չեն գտնում, բայց ընդհանուր սննդի մասով, որ ընդհանրապես ուտելիք չկա, չեմ կարծում, թե շատ է: Դեռևս ինչ-որ բան հնարավոր է գտնել, մարդիկ ուղղակի մի կերպ այնպես են անում, որ սոված չլինեն, ամբողջապես սոված չլինեն և թերսնուցման մակարդակը շատ բարձր է արդեն: Այսինքն՝ չենք կարող ասել, որ մի քանի օրվա մեջ սովամահության դեպքեր կլինեն, եթե ինչ-որ սուր իրավիճակներ չլինեն, բացառիկ դեպքեր: Բայց կարող ենք ասել, որ կարճ ժամանակահատվածում արդեն բացարձակ սոված մարդիկ էլ են լինելու, որ ամբողջական օր կարող է ուտելիք էլ չունենան», - ընդգծեց Բեգլարյանը:
Ի դեպ, արցախցիները ֆեյսբուքյան իրենց էջերում գրում են, թե երեկ Ստեփանակերտում մի քաղաքացի լուսադեմին կրակոցներ է արձակել Վերածննդի հրապարակում, ասելով, թե «հաց տվեք տանեմ երեխաս ուտի»։ Արցախի ոստիկանությունը հաստատել է միջադեպի մասին տեղեկությունը, սակայն շարժառիթների մասին ոչինչ չի նշվում, միայն հաղորդում են, թե տղամարդը սթափ չի եղել ու օդ է կրակել։
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը վստահեցրեց, թե այս միջադեպի շարժառիթների մասին տեղեկություններ չունի։
Մոտեցող սովի ու անորոշության պայմաններում, երեկ մի խումբ արցախցի կանայք հավաքվել են Ստեփանակերտի հրապարակում՝ պահանջելով արժանապատիվ կյանք, արդեն 8 ամիս շրջափակման մեջ գտնվող իրենց երեխաների համար։ Նրանց հանդիպել է նախագահ Արայիկ Հարությունյանը, սակայն հուզող հարցերին կոնկրետ պատասխաններ տալ չի կարողացել։
«Պարոն նախագահի ասելով որոշակի սպասումներ, ակնկալիքներ ինքը ունի դեռևս Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից և մոտավորապես 2-3 օրից ինքը հանդես կգա իր խոսքով», - ասաց նրանցից մեկը:
Մինչ Արայիկ Հարությունյանը խոստանում է 2-3 օրից ասել, հույս կա, թե՝ չէ, 4-ամյա Մհերը ուզում է, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը ադրբեջանցիները վերջապես բացեն, որ մայրը կարողանա իր համար մակարոն գնի, քույրիկն էլ՝ կինդեր ձվիկ։
Ստեփանակերտցի 27-ամյա Ռուզաննան ասում է, որ այսօր ամենավատ վիճակում Ստեփանակերտն է։ Իր երեխան մեկ տարեկան է, կրծքով է կերակրում հիմնականում, լուրջ խնդիրներ դեռ չունեն, սակայն շատերը կաթնախառնուրդ չունեն, ավելի բարձր տարիքի երեխաները թերսնվում են՝ կաթնամթերք, միս, միրգ բանջարեղեն չկա։ Մարդիկ գիշերը ժամը 2-ից կաթի արտադրամասի մոտ հերթ կանգնում, և միևնույն է շատերին այդպես էլ ոչինչ չի հասնում։ Իսկ վառելիքի բացակայության պատճառով գյուղերից Ստեփանակերտ ոչ մի մթերք բերելու հնարավորություն չկա։
«Ապագան էնքան անորոշ անորոշ ա, որ չգիտես՝ վաղը քեզ հետ ինչ ա լինելու», - ասաց Ռուզաննան: