Պարենի ու դեղորայքի պակասը Լեռնային Ղարաբաղում շատ խնդրահարույց է, Թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը։
Ամերիկացի պաշտոնյան շեշտել է՝ Լաչինի միջանցքը առանցքային նշանակություն ունի կյանքեր փրկող ապրանքները մարդկանց հասցնելու համար։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է ավելի քան 7 ամիս։ Հունիսի 15-ին էլ ընդհանրապես ԼՂ-ն կտրված է Հայաստանից․ հումանիտար բեռներ Արցախ չեն մտնում։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այժմ կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև՝ արգելվել է բոլոր ապրանքների մատակարարումը։ Ապաշրջափակման պահանջով Արցախում հանրահավաքներ են մեկնարկել։ Հայաստանը մոտ 400 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ։ Հայաստանից Արցախ մարդասիրական բեռներ տեղափոխող մեքենաները գրեթե մեկ շաբաթ է ինչ Կոռնիձորում են՝ Հակարիի կամրջի հարևանությամբ։ Պաշտոնական Երևանը հայտարարում է՝ Ադրբեջանն է խոչընդոտում բեռների մուտքն Արցախ։ Պաշտոնական Բաքուն դեկտեմբերից շրջափակման մեջ գտնվող Արցախ Երևանի հումանիտար օգնություն ուղարկելը «տարածքային ամբողջականության նկատմամբ սադրանք» է որակում։