Այսօր վաղ առավոտյան բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Երևանում։
«Բացե՛ք կյանքի ճանապարհը», «Մենք Արցախն ենք» կարգախոսներով՝ ակցիայի մասնակիցները կարճ ժամանակով մի քանի փողոցներ են փակել՝ իրազեկելով նաև վաղը նախատեսվող հանրահավաքի մասին։
Արցախի պետնախարարն էր երեկ տեղեկացրել, որ հուլիսի 25-ին նախատեսվում են համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում:
«Համաժողովրդական շարժման մասնակիցները մեծ էկրաններով օնլայն ռեժիմով կկամրջեն երկու հրապարակները՝ միավորելու բոլորիս ձայները և վերահաստատելու մեր միասնական պայքարը՝ հանուն Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետի վերացման, հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման և դրանից ցանկացած հետնահանջի դատապարտման», - Ֆեյսբուքում գրել էր Ներսիսյանը՝ շեշտելով՝ Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում:
2022-ի դեկտեմբերի 12-ից, բնապահպանական պատրվակով, Ադրբեջանը փակեց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Այս տարվա ապրիլի 23-ից էլ Ադրբեջանը փակեց Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Արդեն ուղիղ 7 ամիս շրջափակված Արցախն այս պահին ընդհանրապես կտրված է Հայաստանից, հումանիտար բեռներ Արցախ չեն մտնում։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այժմ կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև, քանի որ վերջին շաբաթներին արգելվել է բոլոր ապրանքների մատակարարումը։ Ապաշրջափակման պահանջով Արցախում հանրահավաքներ են մեկնարկել։